Արմինֆո.ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հակված է այն վարկածին, որ "Դալմա Գարդեն Մոլում" առեղծվածային ցնցումների պատճառ կարող էր դառնալ մարդկային գործոնը, մասնավորապես, անվտանգության տեխնիկայի կանոնների հնարավոր խախտումների համատեքստում:
Հիշեցնենք, որ նախօրեին արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը լրագրողների հետ զրույցում հաղորդել էր, որ հունվարի 9-ի ժամը 20:00-ի դրությամբ "Dalma Garden Mall" առևտրի կենտրոնում զգացվել են ցնցումներ, և արտակարգ իրավիճակի պատճառով առևտրի կենտրոնի այցելուները տարհանվել են: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը, իր հերթին տեղեկացնում է, որ ոչ Հայաստանում, ոչ էլ տարածաշրջանում երկրաշարժեր չեն գրանցվել:
ԱԻՆ-ի մասնագետները սենսորային տվիչներ են տեղադրել՝ ցնցումների կրկնության դեպքում դրանց պատճառները պարզելու նպատակով։ Նոր ցնցումներ չեն գրանցվել:
ԱԻՆ-ում չեն բացառում, որ ցնցումները կարող էին պայմանավորված լինել ծանր տեխնիկայի կիրառմամբ ինժեներական աշխատանքներով, որոնք իրականացվել են առեւտրի կենտրոնի շենքից ոչ հեռու:
"Դալմա Գարդեն Մոլի" աշխատակազմը, իր հերթին, հայտնում է, որ աշխատակիցների և հաճախորդների անվտանգության նկատառումներով առևտրի կենտրոնը հունվարի 10-ին չի աշխատելու: