Արմինֆո. Իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանին զոհաբերվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական հավակնություններին։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Մերձավոր արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։
"Որքան ես հասկանում եմ, Թրամփը, պարզապես, չէր կարող անտեսել այն տագնապալի իրավիճակը, որը ծագել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատան շուրջ։ Առաջիկա ընտրություններում սեփական հեռանկարներն են գլխավորը, ինչն այսօր հուզում է ԱՄՆ նախագահին։ Ըստ այդմ, նա ամեն ինչ արեց, որպեսզի բացառի դեմոկրատների քննադատությունն ու մեղադրանքները Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա շիաների հարձակման դեմ անզորություն ցուցաբերելու համար: Եվ տվյալ դեպքում այդ "ամեն ինչը" Սուլեյմանիի սպանությունն էր", - ընդգծել է նա։
Իրանցի ազդեցիկ գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի "Ալ Քուդս" հատուկ նշանակության ուժերի հրամանատար Քասեմ Սուլեյմանին սպանվել է հունվարի 2-ի՝ լույս 3-ի գիշերը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի կողմից Բաղդադի օդանավակայանի շրջանում իրականացված ավիահարվածի հետեւանքով: Սուլեյմանիի հետ միասին զոհվել են շիաների "Ալ Հաշդ աշ Շաաբի" աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսը ու եւս մի քանի մարդ:
ԱՄՆ վարչակազմի նման գործողություններն արեւելագետը որակում է որպես խիստ վտանգավոր հենց ԱՄՆ-ի համար։ Նրա կանխատեսումներով՝ Թրամփի եւ հանրապետականների նախընտրական խաղերը կարող են ԱՄՆ-ի համար չափազանց տպավորիչ բացասական հետեւանքներ ունենալ: Սատանովսկին Սուլեյմանիի սպանությունը որակել է որպես Իրանի աչքում սահմաններից դուրս հանցագործություն, վկայություն այն բանի, որ ԱՄՆ-ն կարող է ոչնչացնել ԻԻՀ բարձրագույն ղեկավարության ցանկացած անձի:
Ըստ Սատանովսկու՝ այսօր ամերիկացի զինվորականները բավական խոցելի վիճակում են ոչ միայն Իրաքում, այլև Աֆղանստանում։ Եվ իրանցիներն, անկասկած, դրանից համապատասխան հետևություններ կանեն և կփորձեն ԱՄՆ-ին պատասխանել բոլոր մատչելի միջոցներով։ Նրա գնահատմամբ, ի պատասխան ամերիկացիների կողմից ԻՀՊԿ-ը ահաբեկչական կազմակերպություն հայտարարելուն իրանցիների կողմից Պենտագոնն ահաբեկչական կազմակերպություն հայտարարելը վկայում է այն մասին, որ հակամարտությունը հետագայում եւս կխորանա:
Սուլեյմանիի սպանությունն արդեն հանգեցրել է Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրման։ Հունվարի 5-ին Իրաքի խորհրդարանը կառավարությանը պարտավորեցրել է "վերջ դնել օտարերկրյա ուժերի ռազմական ներկայությանը եւ դադարեցնել աշխատանքը անվտանգության համաձայնագրի շրջանակներում, որը կնքվել է միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերի հետ":
Հաջորդ օրերին Իրանը մի շարք հրթիռային հարվածներ է հասցրել Իրաքում ամերիկյան ռազմակայաններին։ Հրթիռակոծությունից 16 ժամ անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է խաղաղության՝ միաժամանակ հայտարարելով Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին։