Արմինֆո. Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի կարող որոշակիորեն ասել, թե ինչի հետեւանքով է ադրբեջանցի սահմանապահը զոհվել։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Հունվարի 7-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հաղորդել է Հայաստանի հետ սահմանին իրենց զինծառայողի մահվան մասին: Ադրբեջանի սահմանապահների մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. "Այսօր, ժամը 14.56-ին Ղազախի շրջանի Ղուշչու-Այրիմ գյուղի ուղղությամբ դիպուկահարի կրակոցից սպանվել է սահմանապահ զինծառայող Ֆարզալի Ֆարզալիևը: Պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիեւը եւ այլ պաշտոնատար անձինք դեպքի վայրում են":
"Ես չեմ կարող կոնկրետ ասել, թե ինչու է զոհվել ադրբեջանցի զինվորը կամ սահմանապահը, ես կարող էի միայն ասել այն, ինչ հայտարարվել էր երեկ, մասնավորապես, այն, որ ադրբեջանական կողմը սադրիչ փորձեր է ձեռնարկել առաջնագծում, ի պատասխան՝ հայկական կողմը նախազգուշական կրակ է բացել", - ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը: Նախօրեին Ադրբեջանը փորձել է ինժեներական աշխատանքներ իրականացնել հայ-ադրբեջանական պետական սահմանի Տավուշի ուղղությամբ, ինչին ի պատասխան, հայկական կողմը նախազգուշական կրակ է բացել:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Տավուշի մարզը մի քանի անգամ գնդակոծվել է ադրբեջանական զինուժի կողմից։ Մի քանի անգամ գնդակոծվել է Հայաստանը Վրաստանի հետ կապող Իջևան-Նոյեմբերյան ավտոմայրուղին և Կոթի գյուղը։ Ռազմական փորձագետների տվյալներով՝ Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են Տավուշի մարզի 17 բնակավայրերի վրա գերիշխող դիրքերում։ Հակառակորդի դիրքային առավելությունը բացատրվում է հայկական դիրքերից վեր ադրբեջանական տարածքում Օդունդաղ լեռան առկայությամբ։