Արմինֆո. Հայաստանը 81-րդ տեղն է զբաղեցրել Henley & Partners ընկերության անձնագրերի ինդեքսում, որն իրենից ներկայացնում է երկրների միջազգային վարկանիշ՝ ըստ ազատ տեղաշարժի մակարդակի, որը նրանք տրամադրում են իրենց քաղաքացիներին։ Ինդեքսը վերլուծում է ավելի քան 200 երկրների և տարածքների վիզային կանոնները և դասակարգում դրանք առանց մուտքի արտոնագրի երկրների քանակով։
Ինչպես հաղորդում է ընկերության պաշտոնական կայքը, երկրի դիրքը վարկանշային աղյուսակում որոշվում է աշխարհի այն երկրների քանակով, ուր նրա քաղաքացիները կարող են մուտք գործել առանց վիզայի նախնական ձևակերպման:
Անձնագրերի ինդեքսը պատմության մեջ երկրների առաջին միջազգային վարկանիշն է քաղաքացիների ազատ տեղաշարժի գծով, որն արտացոլում է միջազգային հարաբերություններն ու երկրների կարգավիճակը համաշխարհային ասպարեզում: 2018 թվականից անձնագրերի ինդեքսը թարմացվում է եռամսյակային կտրվածքով, որպեսզի օպերատիվ կերպով տեղեկացվի երկրների առանց վիզայի ռեժիմի փոփոխությունների մասին:
Երրորդ տարին անընդմեջ Ճապոնիան առաջին տեղն է զբաղեցնում անձնագրերի ինդեքսում: Երկրի քաղաքացիները առանց վիզայի (կամ ժամանման վիզայով) կարող են այցելել աշխարհում 191 ուղղություն, ինչը մեկ երկրով ավելի է, քան մեկ տարի առաջ: Սինգապուրը 2-րդ տեղն է զբաղեցնում՝ 190 երկրների ցուցանիշով։ Հարավային Կորեան մեկ տարում իջել է մեկ հորիզոնականով եւ այժմ Գերմանիայի հետ զբաղեցնում է 3-րդ տեղը (189 ուղղություն):
Հայաստանն զբաղեցնում է 81-րդ տեղը (62 ուղղություն), Ուկրաինան՝ 43-րդը (128 ուղղություն), Մոլդովան՝ 49 - րդը (120 ուղղություն), Ռուսաստանը՝ 51-րդը (118 ուղղություն), Վրաստանը՝ 53 - րդը (116 ուղղություն), Ղազախստանը ՝ 67-րդը (76 ուղղություն), Բելառուսը՝ 68 - րդը (75 ուղղություն), Ուզբեկստանը՝ 85-րդը (57 ուղղություն), Ադրբեջանը՝ 76 - րդը (67 ուղղություն):