Արմինֆո. Հանրապետության նախագահի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի ստրագրումից հետո ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը մի շարք լրատվամիջոցներից ստացել է հարցադրումներ այն մասին, թե ինչո՞վ էր պայմանավորված նախագահի նման որոշումը, արդյո՞ք որևէ ճնշում եղել է նախագահի վրա՝ օրենքը ստորագրելու հարցում, արդյո՞ք օրենքի ստորագրման որոշումը կայացնելիս հաշվի առնվել են դրա վերաբերյալ արտահայտված տարբեր դիրքորոշումները և որքանո՞վ կայացված որոշումը կնպաստի ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամի լուծմանը: Ի պատասխան վերը նշված հարցադրումների՝ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից ԱրմԻնֆո-ին հաղորդեցին, որ նախագահ Արմեն Սարգսյանը հանգամանալից ուսումնասիրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը, ինչպես նաև դրա վերաբերյալ տարբեր քաղաքական ուժերի, հասարակական, քաղաքական գործիչների, իրավաբան-գիտնականների տեսակետները, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները:
Նախագահը խնդրի շուրջ լսել է նաև քաղաքական խմբակցությունների, մասնագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների տեսակետները՝ նրանց հետ ունեցած իր հանդիպումների ընթացքում: Դիտարկվել է միջազգային փորձագետների կարծիքը, ուսումնասիրվել են Օրենքին առնչվող միջազգային փորձը և Օրենքի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) փորձագիտական եզրակացությունը:
ՙՕրենքի վերաբերյալ արտահայտված դիրքորոշումներն ու բերված փաստարկները հաճախ ունեն բարոյաքաղաքական և զգացմունքային շեշտադրումներ և արդյունք են իրավական նորմերի մեկնաբանության ընթացքում տարբեր և երբեմն հակասական մոտեցումների, քաղաքական շահերի:
Նախագահը, առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով և կարևորելով սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովումը, ստորագրել է Օրենքը՝ գտնելով, որ Օրենքի գործողության ընթացքում սահմանադրական դատարանի անդամները, ինչպես իր եզրակացության մեջ նշել է Վենետիկի հանձնաժողովը «առանց որևէ անհարկի ճնշման (քաղաքական կամ անձնական)», բացառելով կամավորության սկզբունքից որևէ շեղում, կարտահայտեն դրա վերաբերյալ իրենց վերաբերմունքը՝ ընդունելով կամ չընդունելով Օրենքով սահմանված կենսաթոշակի անցնելու հնարավորությունը:
Նախագահը կարևորելով օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների և պետական ինստիտուտների արդյունավետ և համագործակցության ոգով գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունը՝ ողջունում է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ձևավորելու մտադրությունը, որի աշխատանքներին կներգրավվի Նախագահի աշխատակազմը՚, - ասվում է հաղորդագրությունում:
Արմինֆո.Ազգային ժողովը դեկտեմբերի 11-ի նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություն է կատարել "Սահմանադրական դատարանի մասին" եւ "Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին" օրենքներում, որոնցով առաջարկվում է կամավոր հիմունքով ներդնել Սահմանադրական դատարանի դատավորների վաղաժամկետ թոշակի անցնելու նոր մոդել:
Արմինֆո. Հայաստանի իշխանությունները Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու հերթական փորձն են ձեռնարկում։ Ազգային ժողովը դեկտեմբերի 10-ի նիստում առաջին ընթերցմամբ փոփոխություններ է կատարել "Սահմանադրական դատարանի մասին" օրենքում եւ "Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին" օրենքում, որոնցով առաջարկվում է կամավոր հիմունքով ներդնել Սահմանադրական դատարանի դատավորների վաղաժամկետ թոշակի անցնելու նոր մոդել:
Արմինֆո. Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը պետք է լուծվի, քանի որ խոսքը վերաբերում է պետականության կարեւորագույն ինստիտուտներից մեկին։ Այդս մասին դեկտեմբերի 10-ին "Սահմանադրական դատարանի մասին" օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։