Արմինֆո.Ղազախստանի ֆուտբոլի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Հայաստանի թիմի հետ, հաղորդում է Caravan.kz՝ հղում անելով Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքին:
2020 թվականի մարտի 23-30-ը ղազախստանցի ֆուտբոլիստներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն: Նախապատրաստության շրջանակներում նախատեսված են երկու ընկերական խաղեր՝ մարտի 27-ին եւ 30-ին: Մրցակիցներից մեկը կլինի Հայաստանի հավաքականը։ Խաղը կկայանա մարտի 30-ին Ալմաթիում։
Հայաստանի հավաքականը գլխավորում է 52-ամյա Աբրահամ Խաշմանյանը: Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանը J խմբում խաղացել է Իտալիայի, Ֆինլանդիայի, Հունաստանի, Բոսնիա եւ Հերցեգովինայի եւ Լիխտենշտեյնի հավաքականների հետ: Հավաքելով 10 միավոր՝ Հայաստանի թիմը խմբում 5-րդ տեղն է զբաղեցրել։
ՖԻՖԱ-ի ընթացիկ վարկանշային աղյուսակում Հայաստանի հավաքականը գտնվում է 102-րդ տեղում, իսկ Ղազախստանինը՝ 118-րդ տեղում: Հայաստանի հետ 7 խաղերում Ղազախստանն ունի ընդամենը մեկ հաղթանակ՝ երկու ոչ ոքիի եւ չորս պարտությունների ֆոնին: