Արմինֆո.Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն (HSBC Հայաստան) և Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) այս տարի ևս միավորեցին ջանքերը՝ Արագածոտնի ու Շիրակի մարզերի 7 գյուղերի մանկապարտեզների սաների՝ Ձմեռ պապիկին գրած նամակների ցանկություններն իրականացնելու համար:
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ, Գեղաձոր, Հնաբերդ և Նորաշեն ու Շիրակի մարզի Փանիկ, Մեծ Մանթաշ ու Հառիճ գյուղերի մանկապարտեզներ հաճախող 343 երեխաների համար բանկի աշխատակիցները գնել էին այն նվերները, որոնք նրանք խնդրել էին Ձմեռ պապիկից:
«HSBC-ի Հայաստանը երկրում գործում է 1996 թվականից ու մշտապես մասնակից է համայնքների հզորացմանը։ ՀՕՖ-ի հետ համագործակցության շնորհիվ մենք տոնական տրամադրություն ենք բերում այն մարդկանց, որոնք դրան արժանի են։ Սա համայնքներին օգնելու հիանալի հնարավորություն է»,- ասում է HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը:
Նկարագրելով արդեն 4-րդ տարին անցկացվող «Խաղալիքների հավաք» նախաձեռնությունը՝ Փոլ Էգդարը նշում է, որ այն բանկի աշխատակիցների ամենասիրելի միջոցառումներից է, որը ներառված է HSBC Հայաստանի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերում։
«Երեխաների ցանկությունների ցուցակը մենք ստացել ենք մոտավորապես 10 օր առաջ ու բոլորս ներգրավվել ենք դրանք կատարելու գործում։ Ես 5 ցանկություն եմ կատարել՝ գնել եմ LOL տիկնիկ, 2 ինքնաթիռ, մեքենա և ռոբոտ»,- հավելում է HSBC Հայաստանի գլխավոր տնօրենը:
HSBC-ի` 2007 թվականից իրականացվող «Հնարավորություն երիտասարդներին» ծրագրի շրջանակում կազմակերպված «Խաղալիքների հավաք» (Toy Drive) նախաձեռնությունը ամանորյա հրաշք է պարգևում երեխաներին ողջ աշխարհում: Բանկն աշխատում է բարեգործական ծրագրեր իրականացնող գործընկեր կազմակերպությունների հետ խոցելի համայնքներում բնակվող երեխաներին խաղալիքներ նվիրելու և համայնքների կայուն զարգացմանը նպաստելու ուղղությամբ: Ամեն տարի՝ դեկտեմբերին, աշխատակիցները խաղալիքներ են գնում և հավաքում HSBC-ի գրասենյակներում և դեկտեմբերի 25-ի նախօրեին առաքում դրանք տեղի գործընկեր բարեգործական կազմակերպությունների գրասենյակներ:
Ծրագրի շրջանակում HSBC Հայաստանն արդեն 4 տարի համագործակցում է ՀՕՖ-ի հետ։ Անցած 3 տարիներին բանկը «Խաղալիքների հավաք» նախաձեռնությամբ այցելել է Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի գյուղեր, որտեղ ՀՕՖ-ն իրականացնում է «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» համապարփակ ծրագիրը։