Արմինֆո. 2019 թվականը նշանավորվեց հանքարդյունաբերական ընկերությունների դեմ տեղի բնակիչների աննախադեպ ակտիվ պայքարով։
Ինչպես դեկտեմբերի 20-ին մամուլի ասուլիսում պատմել է "Էկոլուր" ՀԿ ղեկավար Ինգա Զարաֆյանը, անցնող տարում հանրապետության տարբեր մարզերում մի շարք համայնքներ կտրականապես դեմ են արտահայտվել հանքարդյունաբերության մի քանի նախագծերի: Դա, մասնավորապես, վերաբերում է Տավուշի Վազաշեն, Գեղարքունիքի Ծովինար, Վայոց ձորի Գլաձոր համայնքներին, որոնք իրենց վճռական "ոչն" են ասել ոսկու բազմամետաղային հանքավայրերի շահագործման նախագծերին։
Փորձագետի կարծիքով, տեղի բնակիչների ակտիվությունը զուտ էկոլոգիայի նկատմամբ իրենց իրավունքների պաշտպանության հարցում միանգամայն բացատրելի է. վերջին տարիներին մի շարք հանքարդյունաբերական նախագծերի իրականացման ժամանակ ընկերությունների չեն կատարել բնակչությանը տրված խոստումները: Դա, մասնավորապես, վերաբերում է հանքում աշխատանքի տեղավորման խոստումներին, հողի համար արժանապատիվ փոխհատուցում վճարելուն եւ այլն։
Ընդ որում, ինչպես ընդգծել է Զարաֆյանը, պատկան մարմինների նկատմամբ վստահությունը նույնպես խարխլված է, քանի որ, օրինակ, ահազանգով մեկնող տեսչությունները կարող են իրենց լիազորությունների շրջանակում միայն արձանագրել տեղի ունեցող խախտումները: Այսպիսով, դատական քաշքշուկների եւ անբարեխիղճ տնտեսվարողների դեմ հետագա պայքարի բեռն ամբողջությամբ ընկնում է տուժած քաղաքացիների ուսերին:
Որպես օրինակ՝ բնապահպանը ներկայացրել է Ախթալայի հանքավայրի հանքարդյունահանումից տուժած համայնքներում տիրող իրավիճակը, որտեղ տեղի բնակիչները գրեթե միայնակ մնացին իրենց հողերի աղտոտման խնդրի հետ: Տեղի բնակչության և տնտեսվարող սուբյեկտների դեմ պայքարի հնամանման իրավիճակ ստեղծվել է ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտում։ Ինչպես նշել է Զարաֆյանը, արդեն առաջին տարին չէ, որ օրենքով սահմանված նորմերի խախտում է նկատվում փոքր ՀԷԿ-երի կառուցման ոլորտում: Բնապահպանները տարեցտարի մատնանշում են էկոլոգիական թողքի պահպանման և էկոհամակարգերի վրա փոքր ՀԷԿ-երի բացասական ազդեցության խնդիրները։ Առաջին հերթին դրանից տուժում է տեղի բնակչությունը, քանի որ հիդրոէլեկտրակայանները, գործնականում, նրանց զրկում են ոռոգման ջրից։
"Հաշվի առնելով դա՝ տեղի բնակիչները հասկացել են, որ իրենց իրավունքների համար պայքարի միակ գործուն եղանակն է, պարզապես, թույլ չտալ համապատասխան ընկերություններին մուտք գործել համայնքային տարածքներ։ Միայն այդպես նրանք կարող են պայքարել մաքուր շրջակա միջավայրի իրենց իրավունքի համար", - ընդգծել է Զարաֆյանը ։