Արմինֆո. Բելգիայի վերջին՝ 9-րդ պետական մարմինը, Բրուսելի խորհրդարանը հաստատել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիրը (ՀԸԳՀ):
Ինչպես նշվում է Հայաստանի ԱԳՆ ՙՖեյսբուքի՚ էջում զետեղված հաղորդագրությունում, այդպիսով ավարտվել է Բելգիայում ՀԸԳՀ-ի վավերացման ներքին ընթացակարգը: ՙՇնորհակալություն բելգիացի բոլոր պատգամավորներին և գործընկերներին Հայաստան-ԵՄ ավեի ամուր գործընկերությանը աջակցելու համար՚, - ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում:
ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում: 2018թ. ապրիլի 11-ին այն միաձայն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից։ Փաստաթուղթը հավանության է արժանացրել նաև Եվրախորհրդարանը։ 2018 թվականի հունիսի 1-ից համաձայնագիրը մասամբ ուժի մեջ է մտել։