Արմինֆո.Ոստիկանությունում հետաքննում են "Զվարթնոց" օդանավակայանից Գերմանիայի քաղաքացուն Հանրապետության հրապարակ տեղափոխած տաքսու վարորդի կողմից կատարված խարդախության հանգամանքները: Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում հաղորդել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
ՙԴեկտեմբերի 12-ին սոցցանցերում հրապարակում էր արվել, ըստ որի' «Աէրոպորտ սերվիս» տաքսի ծառայության վարորդներից մեկը գերմանացի զբոսաշրջիկին «Զվարթնոց» օդանավակայանից Հանրապետության հրապարակ հասցնելու դիմաց ստացել է 34.000 դրամ' ներկայացնելով համապատասխան կտրոն։ Հրապարակման հիման վրա ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում սկսվել է նյութերի նախապատրաստման գործընթաց։ Ոստիկանության ծառայողները պարզել են, որ զբոսաշրջիկին Հանրապետության հրապարակ տարած անձը անհատ տաքսու վարորդ է։ 38-ամյա տղամարդը ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում տվել է բացատրություն։ Հանգամանքները պարզվում են՚, - գրել է Է.Ջանոյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին այդ առնչությամբ հաղորդագրություն էր տարածել "Զվարթնոց" օդանավակայանի մամուլի ծառայությունը՝ նշելով խաբեության փաստը բացահայտելու անհրաժեշտությունը։ Մամուլի ծառայությունը հավաստիացրել էր, որ օդանավակայանի միակ պաշտոնական գործընկերը Yandex Taxi ընկերությունն է, որի հետ համաձայնագիր է կնքվել 2019 թվականի փետրվարին: Ընդ որում, ընդգծվել է, որ նշված ընկերության կողմից փոխադրումների սակագները փակցված են օդանավակայանում։ Մամուլի ծառայությունը նաեւ ընդգծել էր, որ լուսանկարում ներկայացված սպասարկման կտրոնը կեղծ է եւ չի պատկանում Yandex Taxi-ին ։
"Արմենիա" միջազգային օդանավակայաններ " ՓԲԸ-ն բազմիցս բարձրաձայնել է այդ խնդրի առկայությունը և դիմել պատկան մարմիններին ՝ խնդրելով զբաղվել հարցով և հայտնաբերել խաբեությամբ զբաղվող անձանց: Հարգելի ուղեւորներ, կոչ ենք անում ձեզ այսուհետև նման խնդիրներից խուսափելու համար օգտվել միայն վստահելի տաքսի ծառայություններից", - ասված է օդանավակայանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: