Արմինֆո.Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը համարել է վճռորոշ քայլ արդարությանը ծառայելու ուղղությամբ:
«ԱՄՆ Սենատի կողմից 150 բանաձևի միաձայն ընդունումը վճռորոշ քայլ է՝ ծառայելու արդարությանը, ճշմարտությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այն հարգանքի տուրք է զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը: Շնորհակալություն ենք հայտնում Սենատորներ Ռոբերտ Մենենդեսին, Թեդ Քրուզին և ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին», - ըստ ԱԳՆ ֆեյսբուքյան էջի՝ հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:
Մինչդեռ, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը Twitter-ի իր էջում նշել է, որ այժմ Կոնգրեսը միավորված է՝ ասելով ճշմարտությունը Ցեղասպանության մասին: "Ժամանակն է, որպեսզի նախագահը միանա մեզ", - հայտարարել է կոնգրեսականը:
Նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի Սենատը միաձայն ընդունել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ թիվ 150 բանաձեւը, որը նախաձեռնել եւ ներկայացրել էին սենատորներ Ռոբերտ Մենենդեսը եւ Թեդ Քրուզը: