Արմինֆո. Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ԱՄՆ Սենատի բանաձեւն իրավաբանական ուժ չունի եւ չի ազդիորեւէ հարցի նկատմամբ Անկարայի դիրքորոշման վրա: Այդ մասին թվիթերյան էջում գրել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը՝ մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի բանաձեւը, որը նախատեսում է որպես Հայոց ցեղասպանություն ճանաչել 1915 թվականի իրադարձությունները:
Ինչպես հաղորդել է "Անադոլու" գործակալությունը, Քալընն ընդգծել է, որ Անկարայում "վճռականորեն դատապարտում եւ մերժում են ԱՄՆ Սենատի բանաձեւը": Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ "պատմության խեղաթյուրված ընկալումը" ամերիկյան Սենատի կողմից այն դարձրել է քաղաքական նպատակների հասնելու գործիք: Նա կարծում է, որ Թուրքիան հիշեցրել Է ԱՄՆ-ին Սիրիայի հյուսիսում իր "հակաահաբեկչական գործողության պատճառների եւ նպատակների մասին", ուստի "Թուրքիան հրաժարվում է սպառնալիքի տակ դնել իր ազգային անվտանգությունը, քանի որ դա "հարմարավետ չէ ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամների համար": "Պատժամիջոցներն ու սպառնալիքները չեն խանգարի մեզ պաշտպանել ազգային անվտանգության շահերը", - ընդգծել է Քալընը:
Նախօրեին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ թիվ 150 բանաձեւը, որը նախաձեռնվել եւ ներկայացրել էին սենատորներ Ռոբերտ Մենենդեսը եւ Թեդ Քրուզը: Նախորդ երեք փորձերը հաջողությամբ չէին պսակվել, քանի որ մյուս սենատորները արգելափակում էին բանաևի շուրջ քվեարկությունը՝ Սպիտակ տան վարչակազմի խնդրանքով: