Արմինֆո.<Այսօր Լոռու մարզի Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. շահագործման է հանձնվում 8 բնակարան։ Շնորհավորում եմ բնակարանամուտը տոնող լեռնանցքցիներին>,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը:
Նոյեմբերի 14-ին ՀՀ կառավարությունն ընդունել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը վերաբերող որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է կարգավորել պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված և բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու համար բնակարանի գնման վկայագրի տրամադրման տարբերակը նախընտրած ընտանիքների բնակարանային խնդիրները: Հիմնավորման համաձայն՝ ծրագրի շրջանակում ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում 2018 թ. տարեվերջի դրությամբ շահառու ճանաչված 5396 ընտանիքից 2008-2017 թթ.-ին՝ մոտ 65 մլրդ դրամ միջոցների հաշվին, լուծվել է 4839 ընտանիքի բնակարանային խնդիր: 2018 թ. պետբյուջեով հատկացված 458.0 մլն դրամի հաշվին մինչև 2019 թ. դեկտեմբերի 1-ը կլուծվի ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում թվով 44 ընտանիքի բնակարանային խնդիր՝ նրանց կիսակառույց բնակելի տների ավարտման միջոցով: 2019 թ. պետբյուջեով հատկացված 560.0 մլն դրամի հաշվին լուծման ընթացքում է գտնվում ծրագրի շահառու ճանաչված 61 ընտանիքի բնակարանային խնդիր (24-ը՝ կիսակառույցների ավարտման, 22-ը՝ բնակարանի գնման վկայագրի տրամադրման, 15-ն՝ ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով): Մնացած 453 ընտանիքների շրջանում նրանց կողմից նախընտրելի բնակապահովման տարբերակի (բնակարակային շինարարություն կամ վկայագրի տրամադրում) վերաբերյալ հարցում կազմակերպելու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեn մշակել և ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզպետներին է ուղարկվել համապատասխան հարցման թերթիկ և ձևաչափ: Միաժամանակ, հարցման ընթացքում քաղաքացիներին կողմնորոշիչ տեղեկատվություն տրամադրելու նպատակով հաշվարկվել է նաև ընտանիքներին հասանելիք ֆինանսական աջակցության հաշվարկային չափը: Հարցմանը մասնակցած ընտանիքներից 227-ը նախընտրել է բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու տարբերակը: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է ծախսել 1,291,572.0 մլրդ դրամ:
Անդրադառնալով ծրագրին՝ վարչապետը մի քանի արձանագրումներ է արել. «Այս պահի դրությամբ ՀՀ-ում կա 453 ընտանիք, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունը՝ բնակարանով ապահովելու, դե յուրե արձանագրված է: Մենք, բնականաբար, քաղաքական խնդիր էինք դրել, որ հնարավորինս արագ լուծենք մեր հայրենակիցների հարցը, և նաև 2020թ. բյուջեում մենք այս նպատակով հատկացվող գումարները մոտավորապես 6 անգամ ավելացրել ենք, 400 մլն-ից ավելի շատ ենք ավելացրել: Մյուս տարի նախատեսված է 3 մլրդ դրամ այդ նպատակի համար»: