Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները (ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը եւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլ Ռիքերը) հանդես են եկել հայտարարությամբ, որում ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում միջնորդության հաստատակամությունը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները դրական են գնահատում շփման գծում և միջազգային սահմանին բռնության դեպքերի համեմատաբար ցածր մակարդակը և երախտագիտություն են հայտնում կողմերին՝ լարվածության սրման ռիսկի նվազեցման համար անմիջական կապի ուղիների օգտագործման համար՝ հունիսին Վաշինգտոնում խորհրդակցությունների ընթացքում նախարարների ձեռքբերած պայմանավորվածության համաձայն:
<Մենք ողջունում ենք անցյալ տարի լարվածության թուլացման եւ բնակչությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ ձեռնարկված կոնկրետ քայլերը, ինչի մասին համանախագահող երկրները կոչ են արել 2018 թվականի դեկտեմբերին միլանյան հայտարարության մեջ և ինչպես 2019 թվականի հունվարին նախարարները պայմանավորվել են Փարիզում: Մենք ողջունում ենք մարդասիրական միջոցառումներն իրականացնելու ջանքերը, որոնք քննարկել են ղեկավարները ապրիլին՝ Վիեննայում կայացած հանդիպմանը, մասնավորապես՝ վերջերս տեղի ունեցած լրագրողների փոխադարձ այցերը և բանտարկյալների համաժամանակյա ազատ արձակումը հունիսի 28-ին>>,- նշվում է հայտարարության մեջ: Միաժամանակ նշելով, որ նման նման ջանքերը կարևոր դեր են խաղումխաղաղ կարգավորմանը հասնելուն ուղղված առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի ստեղծման հարցում՝ պատվիրակությունների ղեկավարները կոչ են անում մարդասիրական և անվտանգության հավելյալ միջոցառումներ իրականացնել:
Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները կողմերին կոչ են անում անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել հումանիտար միջոցների և անվտանգության միջոցների վերաբերյալ նախկինում ձեռք բերված համաձայնությունների իրականացման ուղղությամբ: <Հաշվի առնելով զոհվածների հարազատների սարսափելի տառապանքները՝ մենք կողմերին կոչ ենք անում կրկնապատկել ջանքերը, որպեսզի օգնենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեին անհայտ կորածների մասին տվյալների փոխանակման հարցում, ինչպես այդ մասին հայտարարել են երկու առաջնորդները 2014 թվականի հոկտեմբերին Փարիզում կայացած գագաթնաժողովում: Ընդունելով գործող նախագահի անձնական ներկայացուցչի էական ներդրումը հրադադարի պահպանման գործում ՝ նշում ենք նրա՝ դիտարկման առաքելության ընդլայնման շուրջ քննարկումների վերսկսման անհրաժեշտությունը, ինչի մասին կողմերը պայմանավորվել են 2016 թվականին>, - ընդգծվում Է հայտարարության մեջ:
Միաժամանակ պատվիրակությունների ղեկավարները ողջունում են Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների ՝ 2020 թվականի սկզբին համանախագահների հովանու ներքո կրկին հանդիպելու մտադրությունը ՝ խաղաղ կարգավորման առանցքային հարցերի շուրջ բանակցություններն ակտիվացնելու եւ ամենաբարձր մակարդակով հետագա բանակցություններին նպաստելու համար:
Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները կրկին հայտարարում են, որ արդար և երկարատև կարգավորումը պետք է հիմնված լինի մասնավորապես ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման և հավասար իրավունքների վերաբերյալ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ վկայակոչելով համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների և Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների՝ 2009-ին Աթենքում նախարարական խորհրդի հանդիպման ավարտին արված համատեղ հայտարարությունը:
<Նաև պետք է ներառվեն լրացուցիչ տարրեր, որոնք առաջարկվել են համանախագահող երկրների նախագահների կողմից 2009-2012 թվականներին։ Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները ևս մեկ անգամ ընդգծում են, որ ստատուս քվոն անընդունելի է, և հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի ։ Ուստի մենք կողմերին կոչ ենք անում բարեխիղճ բանակցություններ վարել առանց արհեստական ձգձգումների կամ պայմանների ։ Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները համոզված են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը մնում է կայուն կարգավորման հասնելու ջանքերի անփոխարինելի հենակետ: Մենք կողմերին կոչ ենք անում համագործակցել միմյանց եւ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնց մենք հանձնարարելու ենք շարունակել միջնորդական ջանքերը>,- եզրափակել են պատվիրակությունների ղեկավարները ։