Արմինֆո.Նախաձեռնող խմբերը Հայաստանում տեղական հանրաքվեներ անցկացնելու իրավունք կստանան։ ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 6-ի նիստում առաջին ընթերցմամբ փոփոխություններ է կատարել <Տեղական հանրաքվեի մասին> օրենքում և <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքում:
Ներկայացված փաստաթղթի համահեղինակ, ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանի խոսքով ՝ երկրի կառավարությունը գնում է համայնքների խոշորացման ճանապարհով: Ներկայումս այս գործընթացն անդրադարձել է բոլոր համայնքների կեսին, հաջորդ տարի խոշորացումը շարունակվելու է։ Գործադիր մարմնի նպատակն է բարձրացնել տեղական ինքնակառավարման մարմինների հնարավորությունները։ Մինչև 500 բնակիչ ունեցող համայնքները ազգաբնակչությանը մատուցում են 5-6 տեսակի ծառայություն, մեծերի մոտ դա կարող է հասնել 30-ի: Սակայն, խոշորացման գործընթացը պետք է հաշվի առնի տեղի բնակիչների կարծիքը։ Այդ պատճառով առաջարկվում է անցկացնել տեղական հանրաքվե, որը կարող է նախաձեռնել 5 հոգանոց աշխատանքային խումբը։ Այս կամ այն համայնքի խոշորացման մասին կառավարության որոշման ժամանակ համայնքի ղեկավարը կառավարության որոշման մասին տեղեկացնում է բոլոր բնակիչներին։ Նախաձեռնող խումբը, գրանցվելով տարածքային ընտրական հանձնաժողովում, ստանում է համապատասխան ձևաթղթեր՝ 30 օրվա ընթացքում ստորագրություններ հավաքելու համար: Ստորագրահավաքից հետո համայնքի ղեկավարին ուղղվում է տեղական հանրաքվեի ֆինանսավորման պահանջ։ Համայնքի ղեկավարն իր հերթին դիմում է տարածքային ընտրական հանձնաժողով և ոստիկանությունը՝ ֆինանսավորման ծավալների վերաբերյալ հարցումով, որից հետո դիմում է ավագանուն՝ գործընթացը ֆինանսավորելու առաջարկով, ինչից հետո հանրաքվեն անցկացվում է 50-60 օրվա ընթացքում: Տեղական հանրաքվեի արդյունքները ներկայացվում են կառավարությանը և տեղական ինքնակառավարման մարմինների ավագանուն: