Արմինֆո. Ինձ թվում է, որ Բաքուն ու Երեւանը փորձում են ստեղծել ոչ թե, պարզապես, ակտիվ, այլեւ առարկայական բանակցային գործընթացիպատրանք։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Շվեյցարիա արտագաղթած ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալ, հայտնի վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովը։
"Այդ փորձերի շրջանակներում արտգործնախարարները ոչ միայն հաճախ հանդիպում են, այլև երկար ու հոգնեցուցիչ ինչ-որ բան են լրջորեն քննարկում։ Զուր չէ, որ Բրատիսլավայում հանդիպման մասին հաղորդագրություններում հիմնական շեշտը դրվում է այն բանի վրա, որ արտգործնախարարների հանդիպումը շարունակվել է երեք ու կես ժամ", - նշել է նա։
Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, հանդիպման արդյունքում, որը տևել է 3,5 ժամ, նախարարները պայմանավորվել են հերթական հանդիպումն անցկացնել հաջորդ տարվա սկզբին:
"Նախօրեին Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ իրենք առարկայորեն կքննարկեն անվտանգության ապահովման հետ կապված հարցերը։ Եթե դա իրոք այդպես է, ապա ես հարյուր տոկոսանոց վստահությամբ կարող եմ հայտարարել, որ նրանք անօգուտ գործով են զբաղված՝ երկու պատճառով: Նախ, այդ հարցերն արդեն ակտիվորեն քննարկվել են 90-ականների սկզբին: Այդ ժամանակ էլ մշակվել են անվտանգության ապահովման մի քանի հայեցակարգեր", - ընդգծել է նա:
Երկրորդ, ըստ Միրկադիրովի, այժմ քննարկել անվտանգության ապահովման հարցերը գրեթե նույնն է, ինչ սայլը ձիուց առաջ դնել։ Նրա գնահատմամբ, կախված հակամարտության կարգավորման տարբերակից, կարող են կիրառվել անվտանգության ապահովման տարբեր հայեցակարգեր։ Համապատասխանաբար, անվտանգության ապահովման պարամետրերի սահմանումը շաղկապված է հակամարտության կարգավորման տարբերակին, այլ ոչ թե՝ հակառակը։
Վերլուծաբանի գնահատմամբ՝ հակամարտող կողմերն այսօր պատրաստ չեն հակամարտության կարգավորմանը նպատակաուղղված լուրջ, բեկումնային լուծումների։ Թե Հայաստանի վարչապետը, թե Ադրբեջանի նախագահը ներքաղաքական լուրջ խնդիրների են բախվել։ Եվ երկուսին էլ անհրաժեշտ է մաքրել ներքաղաքական կուտակները։ Բացի այդ, Ադրբեջանում առաջիկայում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։
"Միաժամանակ, ինչպես արդեն բազմիցս նշել եմ, կողմերը շահագրգռված չեն իրավիճակի սրմամբ, հակամարտության անցմամբ թեժ փուլ, առնվազն՝ այս փուլում։ Դրա համար էլ մենք տեսնում ենք բանակցային գործընթացի ակտիվացման ցուցադրում, մեծ աստիճանով՝ ցուցադրական։ Պատահական չէ, որ նախարարները հայտարարել են հաջորդ տարվա սկզբին նոր հանդիպմամ մասին, այսինքն, հնարավոր է՝ մեկ ամսից: Մեզ վստահեցնում են, որ գործընթաց է ընթանում է։ Մեզ կոչ են անում, ինչպես այն երգում, հուսալ ու սպասել", - ամփոփել է Միրկադիրովը։