Արմինֆո. Դեկտեմբերի 3 - ին ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան կողմից կազմակերպված <Ղազախստան-Հայաստան. հնարավորությունների արտահանում> թեմայով կլոր սեղանի ընթացքում ՀՀ Տրանսպորտային առաքողների միության նախագահ Եղիշե Հովհաննիսյանը դիմել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահագն Լալայանին ՝ տարակուսելով, թե ով է երկրի պետական կառույցներում զբաղվում լոգիստիկայով:
<Մենք ստեղծել ենք շատ լավ միավորում (ԵԱՏՄ - խմբ.), բայց խնդիրն այն է, որ մենք կառքը ձիուց առաջ ենք դրել: Սկսել ենք խոսել այն մասին, որ մեզ պետք է տնտեսություն, մենք բոլորս ուզում ենք աշխատել, իրականացնել ապրանքների փոխանակում, արտադրել արտադրանք, բայց ինչպես դա անել, ինչի օգնությամբ, ոչ ոք չի մտածել: Ես կցանկանայի ուշադրություն դարձնել մի շատ կարեւոր ասպեկտի: Լոգիստիկան
ԵԱՏՄ երկրներում <խորթ զավակ> է, իսկ Հայաստանում, ինձ թվում է, այն <մոռացված խորթ զավակ> է դարձել ։ Ես այդպես էլ չհասկացա, թե ով է մեր հանրապետությունում զբաղվելու լոգիստիկայով, ո՞ր նախարարությունը, վարչությունը, օղակը> ,- հարցրել է նա:
Ընդգծելով, որ բազմավեկտոր լոգիստիկ ենթակառուցվածքը տնտեսության շարժիչ ուժն է՝ Հովհաննիսյանը դժգոհել է, որ Հայաստանում լոգիստիկ քաղաքականություն, որպես այդպիսին, չկա: Լոգիստիկ շղթայի ստեղծման համար, միության ղեկավարի խոսքով, դեսպանների, նախարարների ցանկությունները քիչ են, անհրաժեշտություն կա, որպեսզի պետությունը լրջորեն լծվի այդ աշխատանքին:
Ղազախստանի հետ համագործակցության զարգացման օրինակով Հովհաննիսյանը նշել է, որ Ղազախստանից դեպի Հայաստան ճանապարհին կան պետություններ, որոնց հետ պետք է աշխատել տրանսպորտային ծախսերը կրճատելու և լոգիստիկան ավելի ընդունելի դարձնելու համար: <Քանի որ մեր հարաբերությունները զսպող հիմնական խնդիրը լոգիստիկան է>, - ընդգծել է նա:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդականն իր հերթին միության նախագահի հետ երկխոսության պատրաստակամություն է հայտնել, բայց արդեն մեկ այլ հարթակի շրջանակներում՝ նկատի առնելով հարցի գլոբալությունը:
Կլոր սեղանի շրջանակներում Հովհաննիսյանը հանդես է եկել նաև զեկույցով, որտեղ պատմել է արտադրանքի տեղափոխման ուղղությունների մասին, որոնք այսօր օգտագործում են ղազախստանցի արտահանողները հայկական շուկա իրենց արտադրանքի մատակարարման համար: Հովհաննիսյանը հավաստիացրել է, որ Տրանսպորտային առաքողների միությունը պատրաստ է արձագանքել ղազախական կողմի ցանկացած առաջարկին Ղազախստանից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ բեռների տեղափոխման հարցում: <Մենք վստահ ենք, որ ընդհանուր ջանքերով հնարավոր է ստեղծել եւ գործարկել այնպիսի լոգիստիկ երթուղիներ, որոնք պայմաններ կապահովեն Հայաստանի եւ Ղազախստանի, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայի այլ երկրների միջեւ ապրանքաշրջանառության էական ավելացման համար>, - եզրափակել է միության ղեկավարը: