Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ Բրատիսլավայում կայանալիք հանդիպման օրակարգը:
Դեկտեմբերի 2-ին Երեւանում Հորդանանի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մնացականյանը, պատասխանելով համապատասխան հարցին, նշել է, որ Բրատիսլավայում կայանալիք հանդիպմանը քննարկվելու է ղարաբաղյան կարգավորման հարցերի համալիրը: "Կա կարգավորմանն առնչվող հարցերի միասնական փաթեթ և այն մթնոլորտին վերաբերող հարցեր, որում ընթանում է գործընթացը։ Այս ամենը համալիրում կարեւոր է։ Մեր դիրքորոշումը հայտնի է։ Մեր առաջնահերթությունները Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու նրա կարգավիճակն են", - ընդգծել է Մնացականյանը։
Դրա հետ մեկտեղ, նախարարն արձանագրել է, որ վերջին շրջանում որոշակի համեստ արդյունք է ձեռք բերվել, հավանաբար, նկատի ունենալով լրագրողների փոխայցելությունները: Նախարար Մնացականյանն, ընդսմին, նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն։
Էդվարդ Նալբանդյանը կարևորել է նաև վստահության մեխանիզմների ներդրումը և էսկալացիայի ռիսկերի նվազեցմանը նպատակաուղղված միջոցառումները: Այդ կապակցությամբ նա հիշեցրել է զորքերի շփման գծում զինվորի վիրավորվելու կապակցությամբ Հայաստանի ԱԳՆ արձագանքի մասին, որտեղ հստակ արտացոլված է արտաքին քաղաքական գերատեսչության դիրքորոշումը:
Մեկ անգամ ևս կարևորելով վստահության մթնոլորտի ամրապնդմանն ուղղված մեխանիզմների իրականացումը՝ Զոհրաբ Մնացականյանը կարևորել է դրանց նշանակությունը Երևանի համար։ Միևւնույն ժամանակ, պատասխանելով Ադրբեջանի ներքաղաքական գործընթացների մասին հարցին, Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կրկին ընդգծել է Երեւանի հավատարմությունը խաղաղ կարգավորմանը ' ցույց տալով անցած մեկուկես տարվա ընթացքում խաղաղ գործընթացին մասնակցության լրջությունը: "Ինչ վերաբերում է Ադրբեջանի ներսում տեղի ունեցող գործընթացներին, ապա ես ձեռնպահ կմնամ մեկնաբանություններից", - ամփոփել է Մնացականյանը: