Արմինֆո. Ուկրաինա կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետի աշխատակազմի Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է գործարարների SIMUL FORTES ակումբի անդամների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը և ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը:
Գործարարների ակումբի փոխնախագահ Վահե Մելիքյանն իր խոսքում կարևորել է հայ-ուկրաինական առևտրային կապերի ամրապնդումը և երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ակտիվացումը: Գործարարի ներկայացուցիչներն ընդգծել են նաեւ հայկական ազգային բրենդի ստեղծման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ մարքեթինգային ճկունության եւ համաշխարհային միտումներին համապատասխանելու կարեւորությունը արտերկրում հայկական արտադրանքը պատշաճ մակարդակով ներկայացնելու համար:
Նշվել են Հայաստանում զբոսաշրջության զարգացման և Ուկրաինայում Հայաստանի զբոսաշրջային գրավչության մասին իրազեկման մակարդակի բարձրացման հնարավորությունները։
Բարձրացվել են նաեւ Հայաստանում արեւային էներգետիկայի զարգացման, ինչպես նաեւ ՏՏ ոլորտում ձեռքբերումների եւ ներդրումների հետ կապված հարցեր: Զարեհ Սինանյանը կարեւորել է գործարարների շահագրգռվածությունը հայրենիքի նկատմամբ, ինչպես նաեւ գործարար համայնքի համախմբվածությունը ' ընդգծելով առկա խնդիրների եւ խոչընդոտների վերացման կարեւորությունը: