Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ այսօր Հայաստանում լավագույն պայմաններն են ստեղծված բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների քննության համար: "Առնվազն երրորդ հանրապետության պատմության մեջ դրա համար ավելի լավ պայմանները չեն եղել",-նոյեմբերի 29 - ին ՀՔԾ ծառայողի օրվա և ծառայության կազմավորման 12-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված հանդիսավոր նիստին հայտարարել է Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ հենց ՀՔԾ-ն է հետաքննում պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց իրավախախտումների դեպքերը եւ դրանց հիման վրա հարուցված քրեական գործերը: "ՀՀ օրենսդրությամբ՝ ՀՔԾ անկախ մարմին է։ Այդուհանդերձ, ՀՔԾ գործունեության համար շատ կարևոր է երկրում առկա քաղաքական մթնոլորտը, քանի որ ինստիտուցիոնալ անկախությունն ինքնին չի նշանակում միջավայրի և մթնոլորտի անկախություն, հնարավոր չէ օրինականություն, անկախություն և արդարություն ձևավորել առանձին վերցված կառույցում", - ընդգծել է Փաշինյանը։
Այս պահին, ինչպես նշել է վարչապետը, ցավոք, տպավորություն է ստեղծվել, որ կոռուպցիայի, իշխանության չարաշահման մասին խոսելիս ներկայիս իշխանությունը նկատի ունի բացառապես նախկին ռեժիմի ներկայացուցիչներին։ Կառավարության ղեկավարի խոսքով ՝ դա չի համապատասխանում իրականությանը, հակառակ դեպքում, դա կնշանակեր հավատարիմ մնալ հին կարգին եւ հին սովորություններին: "Վստահ եմ, որ մեր կառավարության ներկայացուցիչները քաջ գիտակցում են այդ մարտահրավերը", - ասել է նա:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՀՔԾ աշխատակիցներին: Վարչապետի խոսքով ՝ այսօր արդեն շատ բան է արվել կոռուպցիոն հանցագործությունների և իշխանության չարաշահման բացահայտման ուղղությամբ։ "Ծանրաբեռնվածության պատճառով ՀՔԾ քննիչներն աշխատում են անմարդկային պայմաններում։ Անհրաժեշտ է մտածել նրանց սոցիալական երաշխիքների մասին", - ընդգծել է նա։
Ինչպես նշել է վարչապետը, հանրապետությունում մեկնարկած ինստիտուցիոնալ բարեփոխումները շարունակվելու են։ "Դա ճանապարհ է դեպի Գողգոթա, մենք պետք է անցնենք այն, որպեսզի երկիրը հասցնենք նոր բարձունքների", - հայտարարել է նա: Դիմելով նրանց, ովքեր կարծում են, թե շատ շուտով իշխանությունը կհրաժարվի նման վարքագծից, եւ ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր, Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը հավատարիմ է լինելու այդ օրակարգին նաեւ այսուհետեւ:
Փաշինյանի խոսքով, ավանդաբար, Հայաստանում պաշտոնատար անձը շատ արագ ձեռք է բերում "իշխանի և բդեշխի բարդույթ": "Եվ մեր խնդիրն է պետական պաշտոնյայի այս "իշխանի և բդեշխի բարդույթը" փոխարինել "Հիսուսի բարդույթով": Ի՞նչ նկատի ունեմ սա ասելով, որպեսզի պետական պաշտոնյան հասկանա, որ ինքը և ծառա է, և տեր է՝ միաժամանակ: Որովհետև, այդ երկուսը մեկը մյուսից անջատելը պետական պաշտոնյանի կարգավիճակում չի լինի բավարար չափով օգտակար, որովհետև եթե մենք այնպես անենք, որ պետական պաշտոնյան միայն ծառայի չափանիշներով առաջնորդվի, սա նշանակում է նրան բերել մի վիճակի, որ ինքը ի վիճակի չէ կայացնել որոշումներ: Հետևաբար, ինչո՞վ է Հիսուսի կերպարը լավ, որ ինքը և ծառա է, և տեր է միաժամանակ: Նա ծառա է 100 տոկոսով և տեր է այնքանով, որ կարող է կայացնել որոշումներ և կարող է այդ որոշումների տրամաբանությունը բացատրել ուրիշներին և կարող է այդ որոշումների տրամաբանությունը հարազատ դարձնել ուրիշներին", - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: