Արմինֆո.Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև նույնականացման քարտով կամ անձը հաստատող վկայականով մուտք գործելու, ելքի և գտնվելու հարցը քննարկվել է 2018 թ. սեպտեմբերի 20-ին Երևանում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի Միգրացիոն քաղաքականության խորհրդատվական կոմիտեի անդամների հետ հանդիպման ժամանակ և առաջարկվել է ապահովել համապատասխան ընթացակարգեր այն գործողության մեջ դնելու համար: Համաձայնագրով, մասնավորապես, մի կողմի պետության տարածքում ժամանակավորապես գտնվող՝ մյուս կողմի պետության քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու պարտավորությունից։