Արմինֆո. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ողջունել է ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնի, Ջեքի Սփիերի եւ Ադամ Շիֆի նախաձեռնությունը, որոնք նամակներ են հղել ԱՄՆ Պետդեպարտամենտ եւ Պենտագոն՝ կոչ անելով հավասարություն պահպանել Ադրբեջանին եւ Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու հարցում:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Facebook-յան հաղորդագրության համաձայն, նամակում կոնգրեսականները, մասնավորապես, նշում են. "Անկասկած, անվտանգության ոլորտում Ադրբեջանին տրամադրվող օգնության ավելացումը անհավասարություն է ստեղծում տարածաշրջանում եւ անտեսում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության քսանամյա նախադեպը: Եվ դա տեղի է ունենում Հայաստանում աննախադեպ փոփոխությունների ֆոնին։ Կարծում ենք, որ ռազմական օգնություն ցուցաբերելիս հավասարությանը վերադարձը միակ միջոցն է, որով ԱՄՆ-ը կկարողանա պահպանել տարածաշրջանային տերության հեղինակությունը":
Ընդ որում, ԱՄՆ օրենսդիրները երկու գերատեսչություններին խնդրել են Հայաստանին տրամադրել ուսուցողական ծրագրեր եւ սարքավորումներ գործընկերային ներուժի զարգացման համար, որը կօգնի ապահովել իրենց սահմանների անվտանգությունը եւ ռազմական հավասարություն ստեղծել Ադրբեջանի հետ՝ ֆինանսավորման հարցում:
"Այդ ֆինանսավորումը կավելացնի Հայաստանի ներուժը ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ զանգվածային ոչնչացման զենքի արգելման գործողությունների դեմ պայքարում, հատկապես՝ Իրանի հետ նրա հարավային սահմանին։ Մենք նաեւ խնդրում ենք ապահովել հուսալի ֆինանսավորում՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ սահմանի յուրաքանչյուր կողմում վստահության ամրապնդման միջոցների իրականացման համար", - նշվում է կոնգրեսականների նամակում:
Հայ դատի հանձնախումբը նաև հայտնում է, որ սա վերջին մի քանի ամիսների ընթացքում Կոնգրեսի անդամների արդեն երկրորդ նամակն է, որը վարչակազմին կոչ է անում պահպանել հավասարությունը Ադրբեջանին և Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու հարցում: