Արմինֆո. ԱՄՆ-ը խնդիր չի տեսնում Իրանի հետ Հայաստանի և հայաստանյան բիզնես շրջանակների օրինական համագործակցության առումով․ այս մասին ՍվիլիՆեթի տաղավարում հայտարարել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ հավելելով, որ Վաշինգտոնում հստակ հասկանում են Իրանի նշանակությունը Հայաստանի համար:
«Մենք հստակ հասկանում ենք Իրանի նշանակությունը Հայաստանի համար: Իրանը Հայաստանի երկու բաց սահմաններից մեկն է: Մենք նաև ըմբռնումով ենք մոտենում Հայաստան-Իրան գազ էլէկտրականության դիմաց փոխանակումների ծրագրին», - ասել է դեսպանն ու պարզաբանել, թե Իրանի հետ կապված որ հարցերն են մտահոգություն առաջացնում ԱՄՆ-ի համար:
«Մեր մտահոգությունները կապված են ոչ թե Իրանի հետ օրինական առևտրին, այլ այն հարցերին, որոնք վերաբերում են Իրանի կողմից ահաբեկչական միավորումներին պետական մակարդակով աջակցություն ցուցաբերելուն: Սրանք շատ կոնկրետ և թիրախավորված ուղղություններ են», - ասել նա՝ նկատելով, որ այդ ուղղություններից դուրս այլ հարաբերությունների, օրինական առևտուրի վերաբերյալ ԱՄՆ-ն առարկություն չունի:
Հարցին՝ արդյոք ԱՄՆ-ի համար խնդրահարույց չի՞ լինի, եթե հայաստանյան բիզնես կառույցները սկսեն ընդլայնել իրանցի գործընկերների հետ կապերը, դեսպանը բացասական է պատասխանել. «Բոլորովին ոչ, քանի որ մեր մտահոգություններն Իրանի հետ կապված մի քանի առանցքային կառույցների են առնչվում: Դրանք պետական կառույցներ են: Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան առևտրին, ապա դրանք իրենց հունով ընթանում են»։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել իրանական կողմի հետ համագործակցող հայաստանյան երկու ընկերություններին, որոնց նկատմամբ ԱՄՆ-ն այս տարի պատժամիջոցներ է սահմանել: Խոսքը «Մարկել» ՓԲԸ-ի և Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրԿՄԳՀԻ) մասին է: <Այս երկու ընկերությունների հետ կապված շատ մանրամասների չեմ ցանկանում անդրադառալ: Ուղղակի ուզում եմ նշել, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության նշված ցուցակում որևէ կառույց ներառելուց առաջ շատ մանրակրկիտ ուսումնասիրվում են փաստերը, ընկեության կապերը: Սա շատ մանրակրկիտ տարվող գործընթաց է»,- ասել է դեսպանը: