Արմինֆո. Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա հարձակման և Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ մահափորձի գործերով հայտնաբերված որոշ պարկուճներ կրակվել են նույն ինքնաձիգից: Այս հանգամանքի պարզվելուց հետո Ղուկասյանի դեմ մահափորձի գործի վարույթը վերսկսելու որոշում է կայացվել: Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում «Հետքի» աղբյուրները:
Նշենք, որ Արման Մկրտումյանի առանձնատան վրա հարձակման գործով մեղադրյալի կարգավիճակ ունի երեք անձ` Գագիկ Դանոյանը, Մայիս Մկրտչյանը և Հովհաննես Ռիժենկոն: Նրանք մեղադրվում են սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու մեջ: Գործն այս պահին դեռևս քննվում է առաջին ատյանի դատարանում:
«Հետք»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ինքնաձիգը, որից արձակված պարկուճները համընկնել են Վարդան Ղուկասյանի մահափորձի գործով պարկուճներից որոշների հետ, Արման Մկրտումյանի առանձնատան հարձակման ժամանակ եղել է գործով ամբաստանյալ Գագիկ Դանոյանի մոտ: Վերջինս ցուցմունք է տվել այն մասին, որ ինքնաձիգն իրեն տվել է ԱԺ նախկին պատգամավոր, «Կարամելի Հարութ» անունով հայտնի Հարություն Ղարագյոզյանն, ում անունը կապվում է Մկրտումյանի տան վրա հարձակման գործի հետ: Ղարագյոզյանը հոկտեմբերի 7-ին ինքնասպան է եղել` մինչ այս սպանելով «Յուվեցի Կարո» անունով հայտնի Կարո Կարապետյանին, որը նույնպես եղել է ԱԺ պատգամավոր:
«Հետքը» վերը նշված տեղեկությունների վերաբերյալ պաշտոնական հաստատում ստանալու նպատակով գրավոր հարցում է ուղարկել Գլխավոր դատախազություն: Դատախազությունից հաստատել են, որ Արման Մկրտումյանի առանձնատան վրա 2018 թվականի օգոստոսի 28-ին տեղի ունեցած հարձակման վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում հայտնաբերված և մեկ այլ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում հայտնաբերված որոշ պարկուճներ կրակվել են նույն ինքնաձիգից`առանց նշելու, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը:
Հաստատել են նաև, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը քննության ընթացքում մեկ անգամ վերսկսվել է 2018 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ՝ չնշելով վերսկսման հիմքը: Դատախազությունից միաժամանակ հայտնել են, որ անհրաժեշտ քննչական, դատավարական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումից հետո` 2019 թվականի օգոստոսի 8-ին, կրկին որոշում է կայացվել Ղուկասյանի դեմ մահափորձի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու մասին՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու պատճառով:
Ղուկասյանը նշում է, որ ինքը որևէ առնչություն չի ունեցել Հարություն Ղարագյոզյանի հետ: