Արմինֆո.Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջև՝ կապված օրեր առաջ ՌԴ Արմավիր քաղաքում հայկական եկեղեցու տարածքում տեղի ունեցած վանդալիզմի հետ: Բողոքի գործողության մասնակիցները մտադիր էին բողոքի նամակ - նոտա փոխանցել ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներին։ Հավելենք, որ ակցիան մեծաթիվ չի եղել, մոտ երկու տասնյակ մարդ։ Հայտնի է, որ բողոքի նախաձեռնողներից մեկը "Սասնա ծռեր" կուսակցությունն էր։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Արմինֆոն, նոյեմբերի 12-ին Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներթափանցել էր հայկական տաճարի տարածք և սեւ ներկով էր պատել Գարեգին Նժդեհի հուշատախտակը: Միջադեպի կապակցությամբ հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, ընդգծելով նման գործողությունների անընդունելիությունը, որոնք չեն համապատասխանում ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ոգուն: Ռուսաստանի ԱԳՆ-ում արդեն տեղեկացրել են, որ վանդալիզմի փաստի առնչությամբ ռուսաստանցի իրավապահները հետաքննություն են սկսել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը խոստացել էր ջանքեր գործադրել Արմավիրում Գարեգին Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժման համար: Այս մասին նա հայտարարել էր ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում։ Դրան զուգընթաց, Ռուսաստանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները Արմավիրի քաղաքապետարանի մոտ փորձել են ապամոնտաժել 2012 թվականին Ռուսաստանի հայերի միության Արմավիրի բաժանմունքի նախաձեռնությամբ Գարեգին Տեր-Հարությունյանի (Նժդեհ) պատվին հայկական եկեղեցու տարածքում տեղադրված հուշատախտակը: Այս հարցը սրվել է Աշխաբադում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ Նժդեհի շուրջ բանավեճի հետեւանքով։