Արմինֆո. ՀՀԿ-ից նախկին պատգամավոր Հերմինե Նաղդալյանի "Սիսիանի ԲՈՒԱՏ" ՍՊԸ շինարարական ընկերությունը պետությանը պատճառել է 21 մլն դրամի վնաս:
Ինչպես հաղորդում Է Գլխավոր դատախազությունը, հափշտակությունը տեղի է ունեցել Արագածոտնի մարզի Քուչակ և Եղիպատրուշ գյուղերը կապող ճանապարհի հիմնանորոգման արդյունքում: Ստուգումներն անցկացվել են «Հետք»-ի հոդվածի հիման վրա, ըստ որի, նշված գյուղերը միացնող ճանապարհը հիմնանորոգվել է Հերմինե Նաղդալյանին պատկանող «Սիսիանի բուատ» ՍՊ ընկերության կողմից, սակայն հիմնանորոգումից մեկ տարի անց ճանապարհը սկսել է քանդվել: Hetq.am էլեկտրոնային լրատվամիջոցում 16.08.2019թ. հրապարակված «Հերմինե Նաղդալյանի ՍՊ ընկերության կողմից 1,5 միլիոն դոլարով հիմնանորոգված ճանապարհը 1 տարի անց քանդվել է» հոդվածը դատախազությունից ուղարկվել էր ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային վարչություն՝ դրա հիման վրա նյութեր նախապատրաստելու: ՙՆախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2016թ. հուլիսին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Ս...» ՍՊԸ-ի միջև կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման պայմանագրով կապալառու ընկերությունը 2016-2017թթ. ընթացքում իրականացրել է Արագածոտնի մարզի վարչական տարածքում գտնվող Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: 2017թ. դեկտեմբերին նշված ճանապարհահատվածը հանձնվել է պատվիրատուին՝ շահագործման, սակայն ձեռք են բերվել տվյալներ առ այն, որ ճանապարհի կառուցման արդյունքում թույլ են տրվել պայմանագրով նախատեսված նորմատիվների խախտումներ, ինչի արդյուքնում պետությունից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 21մլն ՀՀ դրամ գումար: Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ընդունվել վարույթ՚, - ասվում է հաղորդագրությունում: