Արմինֆո. Հեքիաթային քաղաք, Սուրբծննդյան տոնավաճառ, վերգետնյա անցում դեպի տոնածառ, և հռչակավոր Գորան Բրեգովիչն ու իր նվագախումբը՝ հենց ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում: Տոնական միջոցառումները սկսելու են դեկտեմբերի 20-ին ու շարունակվելու են 16 օր:
Կառավարությունն այսօր ընդունել է որոշում, որով Ամանորի գլխավոր միջոցառումների անցկացման պարտավորությունը դրվեց Երեւանի քաղաքապետարանի վրա:
Ըստ այդմ, սկսած դեկտեմբերի 20-ից՝ երկրի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունից, 16 օր շարունակ միջոցառումների շարք է նախատեսվում մայրաքաղաքում. մասնավորապես, Հանրապետության հրապարակի շատրվանների տարածքում կառուցվելու է հեքիաթային քաղաք,Երեւանի 2750-ամյակի պուրակում գործելու է Սուրբծննդյան տոնավաճառ (Christmas Market),Հրապարակում տեղադրվելու է վերգետնյա անցում՝ կամրջակներով, որոնք միացնելու են հրապարակի եզրային «ափերը» կենտրոնական օղակի եւ այնտեղ տեղադրված գլխավոր տոնածառի հետ,
Հյուսիսային պողոտայում տեղադրվելու է կրեատիվ տոնածառերի ցուցադրություն եւ այլն:
Իսկ գլխավոր իրադարձությունը կլինի Նոր տարվա գիշերվա ընթացքում. Հանրապետության հրապարակում ելույթ կունենա աշխարհահռչակ Գորան Բրեգովիչը՝ իր նվագախմբով:
Հավելենք, որ կառավարության որոշմամբ <Նոր տարի 2020> միջոցառումների իրականացման համար հատկացվել է 271 մլն դրամ։