Արմինֆո.Հանուն կոնյուկտուրային քաղաքական շահերի պատմության խեղաթյուրումն անթույլատրելի է։ Այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ԱՄՆ Մերիլենդ նահանգի կրոնական կենտրոնում։
Ընդ որում, Թուրքիայի նախագահը վճռականորեն դատապարտել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բանաձեւը: "Պատմությունը քաղաքական նպատակներով վերափոխելու փորձերը ոչ մի կերպ չեն անդրադառնա Թուրքիայի դիրքորոշման վրա։ Անկարան ավելի վաղ բարի կամք էր դրսեւորել՝ Երեւանին առաջարկելով բացել բոլոր արխիվները պատմաբանների, հնագետների եւ քաղաքական գործիչների համար։ Մենք պատրաստ ենք համատեղ հանձնաժողովի կազմում ընդգրկել երրորդ երկրների փորձագետների, ինչն, արդյունքում, վերջակետ կդնի այդ հարցին", - հայտարարել Է Էրդողանը, ում խոսքերը մեջբերում է "Անադոլուն"։
Ընդ որում, Թուրքիայի նախագահը նշել է, որ միայն Թուրքիայի գլխավոր շտաբի արխիվներում պահվում է Օսմանյան պետության գոյության վերջին տարիներից թվագրված ավելի քան մեկ միլիոն փաստաթուղթ, մոռանալով նշել, որ Երեւանում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում էլ բավական փաստագրական ապացույցներ կան այն տարիներին երիտթուրքերի վայրագությունների մասին, որոնք գաղտնազերծման կարիք չունեն, քանի որ հասանելի են թանգարանի ցանկացած այցելուի համար:
"Մենք հստակ քաղաքական կամք դրսևորեցինք, սակայն Հայաստանն ու հայկական սփյուռքը հրաժարվեցին բացել իրենց արխիվները։ Ինչու՞: Քանի որ քաջ գիտակցում են, որ հանձնաժողովը չի հանգի այն եզրակացության, որն իրենց ձեռնտու է", - հավաստիացրել է թուրք առաջնորդը, չգիտես ինչու, այնքան վստահ, թե ինչ եզրակացության կգան պատմաբանները համատեղ հանձնաժողով ստեղծելու դեպքում, կրկին անտեսելով այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության փաստն արդեն ճանաչվել է մի քանի տասնյակ պետությունների, միջազգային կազմակերպությունների, առանձին նահանգների, տարբեր մայրցամաքներում գտնվող քաղաքների ու տարածաշրջանների կողմից։ Էրդողանը նշել է, որ միայն համատեղ հանձնաժողովի եզրակացությունը կարող է հիմք հանդիսանալ գնահատականների և դատողությունների համար։ "Ցանկացած այլ քայլ Անկարայի կողմից ընկալվում է որպես քաղաքականապես մոտիվացված եւ կանխակալ, եւ անտեսվելու է Թուրքիայի կողմից", - ասել Է Էրդողանը, իսկ ավելի համոզիչ լինելու համար նա հայերին անվանել է՝ "քոչվոր", իսկ Հայաստանը' "երիտասարդ պետություն, որն ստեղծվել է 1991 թվականին", այդ կերպ, ըստ երևույթին, փորձելով արդարացնել Արեւմտյան Հայաստանի ամբողջ տարածքի էքսպանսիան (այժմ Արեւելյան Թուրքիա - խմբ.): "Այսօր Թուրքիայում է գտնվում մոտ 100 հազար հայ, որոնցից 60 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են, մնացածը՝ խոպանչիներ", - արձանագրել է Թուրքիայի նախագահը։ Նրա ասելով, Թուրքիայի իշխանությունները "Հայաստանից տասնյակ հազարավոր անօրինական աշխատողների չեն արտաքսում ՝ հանդես գալով մարդասիրության դիրքերից": "Սակայն Երևանում չեն ուզում դա տեսնել։ Հայաստանը չի հաստատել 2009 թվականի հայ-թուրքական արձանագրությունները, իսկ հարուստ հայկական սփյուռքը շարունակում է ստեր տարածել Թուրքիայի մասին", - շարունակել է Թուրքիայի նախագահը։ Նա չի շրջանցել նաև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բանաձևը՝ այն որակելով սկանդալային և պնդելով, որ այն ընդունվել է հայկական լոբբիի և հակաթուրքական շրջանակների, այդ թվում ՝ Ֆեթուլլահ Գյուլենի "ահաբեկչական կազմակերպության" կողմնակիցների ազդեցության ներքո։
"Ցավոք, 1915թ. իրադարձությունների թեման փորձում են օգտագործել որպես ինչ-որ քաղաքական ռևանշ։ Բանաձևի տեքստը ոչ մի ընդհանուր բան չունի պատմական իրողություններ հասկացության հետ։ Նման փաստաթղթերի հեղինակներն ու կողմնակիցները վաղ թե ուշ գիտակցում են, որ նման քայլերը չեն կարող ազդել Անկարայի դիրքորոշման վրա", - ամփոփել է Էրդողանը ։