Արմինֆո.Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը փակուղում չէ։ Այս մասին նոյեմբերի 13-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։
Նա խոստովանել է, որ Հայաստանում քաղաքական փոփոխություններից հետո մտավախություններ են առաջացել ղարաբաղյան հարցում նոր կառավարության դիրքորոշման կառուցողականության վերաբերյալ։ <Անցած մեկուկես տարվա ընթացքում հասկացանք, որ մենք մտադրություն չունենք բանակցային գործընթացը փակուղի տանելու։ Ընդհակառակը ՝ մենք խոսում ենք այն մասին, որ կան հարցեր, առանց որոնց հստակեցման և կարգավորման հնարավոր չէ գնալ գործընթացի արդյունավետության ուղղությամբ>, - հայտարարել է Փաշինյանը:
<Մեր մոտեցումները կառուցողական են։ Բանակցային գործընթացը ոչ միայն փակուղի չի մտել, այլ ընդհակառակը ՝ աշխատանքներ են տարվում բոլոր կողմերի համար ընդունելի բանակցային մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ>, - նշել է վարչապետը ։
Ավելի վաղ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի համար:
<Ուրախալի է, որ Լավրովը դա նշել է։ Միթե՞ կարելի է Ղարաբաղի հարցը լուծել առանց հաշվի առնելու Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումը> ,- ասել է Փաշինյանը։
Վարչապետն իր խոսքում անդրադարձել է նաև Մադրիդյան սկզբունքներին ՝ ընդգծելով, որ <քանի դեռ դրանց պարամետրերը մեզ համար թափանցիկ չեն, մեզ համար դժվար է խոսել այն մասին, թե արդյոք մենք դրանք ընդունում ենք որպես բանակցային գործընթացի հիմք, թե՝ ոչ>: