Արմինֆո.2019 թ. Նոյեմբերի 8-ին Բրյուսելում կայացած ՀՅԴ մարմինների ներկայացուցիչների համակուսակցական հերթական խորհրդաժողովը, քննելով կուսակցության ընթացիկ գործունեությունը՝ արձանագրել է ՀՅԴ քաղաքական օրակարգերից բխող առաջնահերթություններն ու անելիքները։
Ինչպես ասվում է ՀՅԴ բյուրոյից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում,
ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցը ներկայացնող խորհրդակցական ժողովի ժամանակ քննարկվել են Հայաստանի ներկա իրավիճակը եւ ՀՅԴ հայաստանյան կառույցի վերջին ամիսների գործունեությունը, ինչպես նաեւ կուսակցության առաջիկա մարտավարությունը եւ քայլերը Հայաստանում:
ՙԱնդրադարձ կատարվեց նաեւ կուսակցության ներսում պառակտումներ ստեղծելու ՀՀ իշխանության որոշ ներկայացուցիչների եւ շրջանակների անհաջող փորձերին։ Նշվեց, որ պետականությունը Դաշնակցության համար բարձրագույն արժեք է և, դրանով պայմանավորված կուսակցության եւ ուղեկից միությունների գործունեության հետ կապված զանազան շահարկումները, հին ու նոր, Սփյուռքի եւ Հայաստանի դաշնակցականներ պեղելու, տարբերակումներ մտցնելու մղումը կուսակցության միասնականությունը թիրախավորելու ապարդյուն փորձ է։ Արձանագրվեց նաեւ, որ Դաշնակցությունը սկզբունքային մոտեցումներից բխող գաղափարական, քաղաքակիրթ պայքարի կողմնակից է եւ համոզված է, որ թշնամանքը, ատելությունը, անձնական վիրավորանքը չպետք է տեղ ունենան այդ պայքարում։ Ժողովը անդրադարձավ Արցախի հիմնահարցին եւ 2020-ի գարնան տեղի ունենալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին: Գնահատվեց Արցախի Բարեկամների հաջող համաժողովի գումարումը եւ Արցախի բարեկամների ցանցի ստեղծումը: Ժողովին ներկայացվեց Լիբանանի վերջին անցուցադարձերի մասին զեկույց եւ քննարկվեց Միջին Արեւելքի, հատկապես Լիբանանի, Սիրիայի եւ Իրաքի հայության կացությունը եւ մեր համաշխարհային կառույցի առնելիք քայլերն այդ ուղղությամբ։ Ժողովի ավարտին տեղի ունեցավ խրախճանք-հանդիպում Բելիգայի կոմիտեության ընկերների եւ ուղեկից միությունների վարչությունների մասնակցությամբ, որն անցավ ջերմ մթնոլորտում՚, - ասվում է հաղորդագրությունում։