Արմինֆո. Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել ԱԻՆ երկու աշխատակցի պարգեւատրելու մասին, ովքեր ներգրավված էին հոկտեմբերի 25-ին Բազումի լեռնաշղթայի անտառներում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին:
ՙՀիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փրկարարական ծառայության շարքային Սամվել Վարդանի Դևելյանին հետմահու պարգևատրել Արիության մեդալով՚, - ասվում է ՀՀ նախագահի հրամագրում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմից, ՀՀ նախագահի մեկ այլ հրամագրով ՙծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փրկարարական ծառայության սերժանտ Էդգար Իշխանի Գրիգորյանը պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: