Արմինֆո. Ռուսաստանն իրականացնում է իր միջնորդական առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ՝ չփորձելով Հայաստանին եւ Ադրբեջանին պատրաստի բաղադրատոմսեր պարտադրել ։ Այս մասին նոյեմբերի 11 - ին Երեւանում հայկական բուհերի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ։
Ընդ որում՝ նախարարը համոզմունք է հայտնել, որ կողմերը պետք է համաձայնության գան առանց արտաքին ճնշման եւ միջամտության, առանց որեւէ արբիտրաժի: <Սա մեր հստակ դիրքորոշումն է: Բայց մենք պատրաստ ենք աջակցել այն որոշումներին, որոնք կբավարարեն կողմերին կամ արդեն պատրաստ լուծումների առկայության դեպքում լինել կարգավորման երաշխավորներ>, - ասել է Լավրովը:
Միաժամանակ Լավրովը հավաստիացրել է, որ Ռուսաստանում անկեղծորեն շահագրգռված են, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, բացվեն սահմանները եւ վերականգնվի տնտեսական գործունեությունը:
ԱԳՆ ղեկավարը փաստել է, որ դրան զուգահեռ ջանքեր են գործադրվում ռազմական ռիսկերի նվազեցման եւ հումանիտար ոլորտում հնարավոր փոխգործակցությանն աջակցելու ուղղությամբ: <Ռուսաստանը նաեւ հետեւողական աշխատանք է տանում կարգավորման քաղաքական սկզբունքների համաձայնեցման ուղղությամբ>, - ասել է ՌԴ ԱԳ նախարարը ՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ արդի խնդիրների մեծ մասը ենթակա են լուծման՝ դիկտատի եւ ճնշման արատավոր մեթոդներից հրաժարվելու և երկխոսության ու փոխզիջումների համընդհանուր արժեքների վրա հենվելու դեպքում:
Այս համատեքստում Լավրովը հաջող օրինակ է բերել Կասպյան ուղղությամբ ստեղծված իրավիճակը, որտեղ ոչ միայն հաջողվել է ստորագրել կոնվենցիա, այլև ստեղծել իրավական մեխանիզմների մի ամբողջ համակարգ, որը թույլ կտա ապահովել մերձկասպյան բոլոր պետությունների շահերի դրական հավասարակշռումը: