Արմինֆո. Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները չեն խանգարել երկկողմ հարաբերություններում շարունակականության ապահովմանը, բոլոր ոլորտներում դաշնակցային և ռազմավարական գործընկերության հաստատմանը։ Նոյեմբերի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը;
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սերգեյ Լավրովը վարչապետին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի ջերմ ողջույնները և ընգծել տարբեր գերատեսչությունների գծով Հայաստանի ու Ռուսաստանի միջև սերտ շփումների փաստը: «Ռուսաստանի նախագահի հետ Դուք այս տարի հանդիպել եք 4 անգամ, նույնքան էլ ՌԴ կառավարության ղեկավարի հետ: Մենք շատ սերտ և ինտենսիվ շփումներ ունենք տնտեսական գերատեսչությունների գծով: Ինչպես Դուք նշեցիք, շատ սերտ համագործակցում են նաև մեր մյուս գերատեսչությունները, ինչը նպաստում է դաշնակցային հարաբերությունների հետագա ընդլայնմանը: Վերջերս Հայաստանում էին մեր պաշտպանության նախարարը, առողջապահության նախարարը, Պետական Դումայի նախագահը, այնպես որ բոլոր ուղղություններով շատ սերտ շփումներ ունենք»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը՝ ավելացնելով, որ առաջիկայում տեղի է ունենալու հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումը, նախապատրաստվում է նաև երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստը:
«Ուրախ ենք, որ զարգանում է նաև երկկողմ առևտրաշրջանառությունը, այն շարունակ աճում է: Ռուսաստանը Հայաստանի տնտեսական առաջատար գործընկերն է, Հայաստանի տնտեսության մեջ առաջին ներդրողը: ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում մեր համագործակցությունը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում և մենք շնորհավորում ենք Հայաստանին՝ ԵԱՏՄ-ում շատ արդյունավետ նախագահության կապակցությամբ: Մի քանի շաբաթից Բիշքեքում տեղի կունենա ևս մի կարևոր միջոցառում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովը, որտեղ ևս պետք է առաջ մղենք մեր փոխգործակցությունը՝ կապված ռազմաքաղաքական անվտանգության և դաշնակցային համագործակցության հետ»,- ասել է Սերգեյ Լավրովը:
Հայաստանի վարչապետն ու ՌԴ ԱԳ նախարարը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են քաղաքական և տնտեսական համագործակցությանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Ռուսաստանի կարևոր դերակատարությունը տարածաշրջանում անվտանգության, կայունության և խաղաղության պահպանման գործում:
Նիկոլ Փաշինյանը և Սերգեյ Լավրովը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարևորությունը և հումանիտար ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը՝ համակարմտության կողմերի միջև փոխվստահության մթնոլորտի ձևավորման առումով: