Արմինֆո. Ադրբեջանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հրավիրվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ գերատեսչության ղեկավարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը հանդիպում է ունեցել նրա հետ, հաղորդում Է Turan-ը:
Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել՝ կապված <Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզում ստեղծված անօրինական ռեժիմի ներկայացուցիչներ Մասիս Մայիլյանի և Լեռնիկ Հովհանիսյանի ՌԴ այցի հետ>, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:
Նոտայում նշված է, որ <Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված ապօրինի կազմավորման <ներկայացուցիչների> մուտքը Ռուսաստան եւ մի շարք ռուս փորձագետների ու ակադեմիական կենտրոնների աշխատակիցների հետ նրանց հանդիպումները ծառայում են Հայաստանի կողմից գրեթե 30 տարվա ընթացքում ձեռնարկվող ջանքերին՝ ուղղված գրավյալ տարածքներում ստատուս քվոյի ամրապնդմանը: Նման այցելությունները սադրիչ բնույթ են կրում և ուղղված են Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ ։ Դա վնաս է հասցնում բանակցային գործընթացին և չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև անկեղծության և բարձր վստահության վրա հիմնված հարաբերությունների ոգուն, ինչպես նաև <Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի միջև 1997թ.հուլիսի 3-ի <Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին պայմանագրի> դրույթներին>:
Դեսպան Բոչարնիկովն իր հերթին ընդգծել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը հակամարտության վերաբերյալ հայտնի է եւ անփոփոխ, իսկ չճանաչված սուբյեկտների ցանկացած մուտքը Ռուսաստանի տարածք չի արտացոլում Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը: Նա նաեւ հայտնել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ին կզեկուցի ադրբեջանական կողմի բողոքի մասին: