Արմինֆո. Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցված է շատ հետևողական կերպով՝ ապահովելու մեր ազգային անվտանգության ճարտարապետության ամրապնդումը: Այդ մասին
նոյեմբերի 6-ին Շվեդիայի Միջազգային հարաբերությունների իսնտիտուտում «Զրույց Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ» խորագրով դասախոսության ընթացքում ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Այս համատեքստում նա նշել է, որ Հայաստանն ունի անվտանգության երկու հիմնարար մարտահրավեր: <Դրանցից մեկը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի չկարգավորված լինելն է, իսկ մյուսը՝ Թուրքիայի սպառնալիքը: Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունը, Թուրքիայի դեպքում արդարության շարունակական ժխտումը, Ցյուրիխյան արձանագրությունների մերժումը, ի լրումն նաև մի շարք այլ գործոնների, լուրջ վտանգ են ներկայացնում Հայաստանի համար>,- ընդգծել է Մնացականյանը:
Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը՝ նախարար Մնացականյանը, մասնավորապես, նշել է, որ անցյալ տարվա ընտրություններում հանրության կողմից ստացված լայն մանդատը նաև վստահություն է և մեծ պատասխանատվություն կառավարության համար՝ հասցեագրելու այդ մանդատի հիմքում ընկած առաջնահերթությունները. <Առաջին ամիսների ընթացքում կառավարությունը հիմնականում կենտրոնացած էր այդ մանդատի հիմքում ընկած ամենաանմիջական պահանջները հասցեագրելու վրա. այն է՝ կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսական-հասարական կյանքում հավասար հնարավորությունների ապահովումը, արդարադատության ամրապնդումը, ընտրությունների անցկացումը: Միաժամանակ քաղաքական կամքի դրսևորմամբ ի ցույց դրվեց կոռուպցիայի դեմ պայքարելու, ինչպես նաև հանրության և քաղաքական ուժերի համար ընդունելի ընտրություններ կազմակերպելու կարողությունը: Սակայն դա բավարար չէ, դա միայն սկիզբն է՝ առաջին քայլը: Քանի որ ամենակարևոր մարտահրավերը և ամենակարևոր նպատակն այդ պետության կառուցվածքային կարողությունների ամրապնդումն է այնպես, որ անկախ քաղաքական կամքի առկայությունից, հանրային կառույցներն ունենան կարողություն պահպանելու այն մոդելը, որը հիմնված է ժողովրդավարության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի, իրավունքի գերակայության վրա: Եվ այսօր Հայաստանում տեղի է ունենում հենց այս գործընթացը>: