Արմինֆո. Եթե <Արևելյան գործընկերության> հաջորդ տասնամյակի օրակարգում անվտանգության ուժեղ բաղադրիչ չլինի, ապա Ադրբեջանի համար դրա արժեքը փոքր կլինի:
Ինչպես ԱՊԱ-ին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ում, այդ մասին հայտարարել է արտգործնախարար Էլմար Մամեդյարովը <Արևելյան գործընկերության> նոր քաղաքական տեսլականը> թեմայով սեմինանարի ժամանակ: Նա նշել է, որ տարածաշրջանային խնդիրների լուծման և անվտանգության խնդիրների վերացման լավագույն ճանապարհը կարգապահության գլոբալ սկզբունքների պահպանումն է, որոնք հենվում են միջազգային իրավունքի վրա: <<Արևելյան գործընկերությունը> նոր սպառնալիքների հանդեպ կայուն և դրանց պատասխանելու ընդունակ դարձնելու համար մենք պետք է կատարենք Արևելյան գործընկերության հիմնական պարտավորությունները:
10 տարի առաջ Պրահայում մենք ընդունեցինք համատեղ հռչակագիր, որով դրվեց Արևելյան գործընկերության հիմքը: Այնտեղ մենք միաձայն հայտարարեցինք, որ Արևելյան գործընկերությունը կառուցվելու է միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված պարտավորությունների վրա: Մենք այլևս չենք կարող հանդուրժել օկուպացիան և Արևելյան գործընկերության հիմնարար սկզբունքների շահարկումը>,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը՝ Հայաստանին մեղադրելով ոչ միայն <օկուպացիայի>, այլ նաև հակամարտության շուտափույթ կարգավորմանն ուղղված ջանքերին <խոչընդոտելու> մեջ:
Նրա խոսքով, Եվրախորհրդարանի կողմից 2013 թվականին ընդունված բանաձևի համաձայն՝ Արևելյան գործընկերության անդամ երկրներից մեկի կողմից մեկ այլ անդամի տարածքների օկուպացիան խախտում է Արևելյան գործընկերության հիմնարար սկզբունքները, հակասում դրա նպատակներին: <Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է համապատասխանի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 1993 թվականին ընդունված թիվ 822, 853, 874 և 884 բանաձևերին>,- ամփոփել է Մամեդյարովը: