Արմինֆո. Էրեբունի օդանավակայանում հրդեհի հետևանքով այրվել է անգարի տանիքը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, նոյեմբերի 4-ին, ժամը 14:33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանի տարածքում գտնվող անգարի տանիքում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 10 մարտական հաշվարկ, մեկ ջրատար ավտոմեքենա, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ևս 4 օժանդակ ջրատար ավտոմեքենա: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Էրեբունի» օդանավակայանի տարածքում գործող պահեստում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:41-ին, մարվել՝ 16:27:
Ամբողջությամբ այրվել են պահեստի տանիքի փայտե կառուցատարրերը (1350 քմ), պահեստի ներսում գտնվող «ՄԱԶ» մակնիշի բենզատար ավտոմեքենան, տարբեր նշանակության 4 հատ հաստոց, տուրբինային 2 շարժիչ և անվադողեր: