Արմինֆո. ՀԱՊԿ գծով Հայաստանի դաշնակիցների կողմից սպառազինության վաճառքն Ադրբեջանին լուրջ խնդիր է։ Լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
"Կարծում եմ, որ դա լուրջ խնդիր է, քանի որ, երբ մենք խոսում ենք ՀԱՊԿ անդամ երկրների հավաքական անվտանգության մասին, պետք է հասկանանք, որ դրա հիմքում դրված է մեկ օրենք. Հայաստանի համար սպառնալիքը վտանգավոր է կազմակերպության բոլոր անդամների համար", - նշել է Հարությունյանը, հավելելով, որ ՀԱՊԿ անդամ պետությունները գործընկեր պետության ռազմավարական անվտանգության դեմ ուղղված քայլեր կամ գործողություններ չպետք է իրականացնեն:
Ընդ որում, նա կարծում է, որ սպառազինության վաճառքը տեղավորվում է այդ տրամաբանության մեջ, սակայն այստեղ կան նրբություններ։ "Պետք է հասկանալ, որ մի դեպքում դա հավասարակշռություն է ապահովում, մյուս դեպքում, հակառակը, խախտում է այդ հավասարակշռությունը։ Կա խնդիր։ Դրա մասին պետք է խոսել եւ լուծում փնտրել", - ամփոփել է Հարությունյանը։
Նշենք, որ Հայաստանը բազմիցս ամենաբարձր մակարդակով ընդգծել է ՀԱՊԿ դաշնակիցների (Ռուսաստան և Բելառուս) կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելու անթույլատրելիությունը, սակայն մինչ օրս այդ հարցն իր տրամաբանական լուծումը չի գտել։