Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է դավադրությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտարարել է Facebook-ի իր էջում ուղիղ եթերում՝ "Շահարկումներ Ղարաբաղի հարցում" թեմայով քաղաքացու հետ հերթական զրույցի ընթացքում։
Նրա ասելով, վերջին 1,5 տարվա ընթացքում Ղարաբաղի թեմայով շահարկումները զգալի փոփոխություններ են կրել։ "Սկզբում ասվում էր, թե մեր կառավարությունը և անձամբ ես Ղարաբաղը հանձնում ենք, հետո, երբ ժամանակը ցույց տվեց այդ լուրերի ողջ անհեթեթությունը, սկսեցին շրջանառել այն թեզը, թե՝ քանի որ ես ներգրավված եմ Ղարաբաղի դեմ դավադրության մեջ, ամենայն հավանականությամբ (Ղարաբաղը) կհանձնվի ծրագրված պատերազմի արդյունքում։ Այս թեզը շրջանառության մեջ է դրվել 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ", - հայտարարել է նա։ Այս պահին, ըստ նրա, շրջանառության մեջ է դրվում մեկ այլ թեզ, որի համաձայն, "քանի որ կառավարությունը կամ անձամբ վարչապետը զիջումների չեն գնում կամ, կոպիտ ասած, հող չեն հանձնում, դա նշանակում է, որ բանակցությունները փակուղում են հայտնվել, և ահա արդեն սկսել են ժողովրդին վախեցնել պատերազմով, և քարոզչություն է իրականացվում կոնկրետ այդ թեմայով"։
Ընդ որում, ինչպես նշել է վարչապետը, հայ-ադրբեջանական հարաբերություններում, ինչպես և նախկինում, կան սպառնալիքներ։ "Բայց ես ուզում եմ ասել, որ այդ վտանգներն ավելի չեն շատացել՝ քան նախկինում, օրինակ՝ 3 կամ 4 տարի առաջ, այլ՝ հակառակը։ Եթե հիմա մենք դիտարկենք սահմանային լարվածության աստիճանը, կտեսնենք, որ վերջին 1,5 տարվա ընթացքում մեզ մոտ լարվածության կտրուկ նվազում է նկատվում, և այդ նվազումը տեղի է ունեցել Դուշանբեում հայտնի քննարկումների համատեքստում, բայց դա չի նշանակում, թե լարվածություն չկա։ Ցավոք, ընդհանուր առմամբ, լարվածություն գոյություն ունի, ոչ այնպիսի, ինչպես 3, 4 կամ 5 տարի առաջ, այլ շատ ավելի ցածր մակարդակի, բայց կա, եւ, դժբախտաբար, այն շարունակվում է, եւ այսօրվա դրությամբ մենք ունենք զոհեր: Ես դա ասում եմ, որովհետև, ընդհանրապես, ոչ ոք չի ասում, որ մենք կարգավորել ենք Ղարաբաղի հարցը, և արդեն վերջ, հասել ենք տևական խաղաղ կարգավորման։ Բայց մյուս կողմից՝ ես կարող եմ արձանագրել, որ, որքան էլ տարօրինակ թվա, բայց բանակցային գործընթացում նկատվում է դինամիկա, բավականին հետաքրքիր դինամիկա, և ես լավատեսորեն եմ տրամադրված, որ այն կշարունակվի և կզարգանա։ Ես Ադրբեջանի նախագահի հետ զրուցել եմ նաև Աշխաբադում, և կա որոշակի դինամիկա, որոշակի մթնոլորտ, փնտրելու ցանկություն", - ասել է նա։
"Սիրելի հայրենակիցներ, բացառված են դավադրությունները Ղարաբաղի հարցում, քանի որ Ղարաբաղի հարցն իմ հարցը չէ, որևէ խմբի հարց չէ, Ղարաբաղի հարցը համազգային հարց է։ Ես ասել եմ, որ ղարաբաղյան հարցի լուծումը պետք է ընդունելի լինի և Հայաստանի ժողովրդի, և Ղարաբաղի ժողովրդի, և Ադրբեջանի ժողովրդի համար։ Իմ հիմնական խնդիրը բանակցությունների սեղանի շուրջ հայ ժողովրդի համար ընդունելի լուծում գտնելն է, և երբ բանակցային գործընթացում ձևավորվի այնպիսի լուծում, որը ես կկարողանամ ընդունելի համարել հայ ժողովրդի համար, ես այդ առաջարկը կներկայացնեմ մեր ժողովրդին, դրա վերաբերյալ մենք համազգային քննարկում կանցկացնենք, որոշումները պետք է ընդունվեն համազգային ձևաչափով", - ասել է վարչապետը։ Ինչպես նշել է Փաշինյանը, այժմ ձևաչափերի մասին խոսելու ժամանակը չէ, քանի որ "բանակցությունների սեղանին, ցավոք, հիմա չկա այնպիսի լուծում, որ մենք ասենք. "եկեք մտածենք, թե ինչ ենք անելու": Նրա խոսքով ՝ անհրաժեշտության դեպքում իր առաջարկած որոշման տարբերակը կարող է դրվել նաեւ հանրաքվեի, կարող են լինել նաեւ այլ տարբերակներ։
Հաջորդ շահարկումը, ինչպես ընդգծել է վարչապետը, վերաբերում է նրան, որ, իբր, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանությունների պատկերացումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ տարբեր են։ "Ուզում եմ մեկ անգամ ևս արձանագրել, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների պատկերացումները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ նույնական են։ Այլ կերպ լինել չի կարող", - ամփոփել է Նիկոլ Փաշինյանը։