Արմինֆո. Նոյեմբերի 1-ի՝ լույս 2-ի գիշերը հանրապետության մի շարք շրջաններում տեղացել է առաջին ձյունը: Մասնավորապես, ձյան տեսքով տեղումներ են եղել Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Շիրակի մարզերում։
Ավելի վաղ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով:
Սակայն, ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հուսադրող գրառում է կատարել ՙՖեյսբուքի՚ իր էջում: ՙԺողովուրդ ջան հեչ չտխրեք, վաղը լուսադեմից սկսած երկինքը լիարժեք կպարզի և տեղումները բոլոր մարզերում կդադարեն։ Առաջիկա 10 օրը մեր երկրում կանցնի առանց տեղումների, անամպ, արևառատ, իսկ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-8-ին ցերեկային ժամերին բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա մոտ 7-9 աստիճանով։ Արդեն նոյեմբերի 8-ին հանրապետության հովտային գոտում այդ թվում և Երևանում ցերեկը սպասվում է +18․․․+20 աստիճան տաքություն։ Վայելենք մեր ոսկե աշունը՚, - գրել է Գագիկ Սուրենյանը։