Արմինֆո. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը Թուրքիայի առաջին արձագանքն սպասվածից ավելի մեղմ էր: Սակայն, հարկավոր է սպասել թուրքական և ամերիկյան կողմերի միջև ընթացող անդրկուլիսյան բանակցությունների արդյունքին։ Հոկտեմբերի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ հիշեցնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նոյեմբերի 13-ին ԱՄՆ կատարելիք այցի մասին։
"Իր հայտարարության մեջ Էրդողանն ասել է, որ կարող է չեղարկել այցն ԱՄՆ։ Ես կարծում եմ, որ այս պահին ընթանում են գաղտնի անդրկուլիսյան բանակցություններ, որոնք նույնպես կորոշեն Թուրքիայի արձագանքը, թե՝ արդյոք նա ավելի կոշտ կլինի իր հայտարարություններում", - նշել է Սաֆրաստյանը։
Արևելագետի կանխատեսումների համաձայն, ԱՄՆ-ին և Թուրքիային կհաջողվի հասնել որոշ փոխհամաձայնության, եւ Թուրքիան չի խստացնի իր հռետորաբանությունը։
Միաժամանակ, Սաֆրաստյանը չի բացառել, որ վերջին իրադարձությունները կարող են
հանգեցնել Թուրքիայի հայ համայնքի նկատմամբ ճնշման խստացման։
"Պոլսահայությունն, ըստ էության, պատանդ է", - ասել է Արևելագիտության ինստիտուտի տնօրենը, հիշեցնելով, որ Թուրքիայում տասնյակ հազարավոր մարդիկ հետապնդումների են ենթարկվում քաղաքական հայացքների համար: