Արմինֆո.Տեղի է ունեցել կարևոր իրադարձություն, որը նշանավորում է կարևոր հանգրվան Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացում: Եվ այդ գործընթացը պետք է շարունակել։ Հոկտեմբերի 31-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, հավելելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն աշխարհաքաղաքական բաղադրիչ ունի։
Միեւնույն ժամանակ, Սաֆրաստյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձեւն այս փուլում խորհրդանշական փաստաթուղթ է, սակայն, եթե ԱՄՆ Սենատը նույն մեծամասնությամբ ընդունի համապատասխան փաստաթուղթը, եւ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրի այն, ապա կարելի է փաստել, որ փաստաթուղթն իրավաբանորեն պարտավորեցնող բնույթ է կրում:
Ի դեպ՝ այսօր ԱՄՆ-ի առաջատար սենատորները կոչ են արել անհապաղ քննության առնել եւ ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը՝ հետևելով Ներկայացուցիչների պալատի օրինակին:
Արևելագետի գնահատմամբ՝ բանաձևի ընդունմանը նպաստել է Անկարայի նկատմամբ քաղաքական մթնոլորտի փոփոխությունը Վաշինգտոնի բարձրագույն իշխանության շրջանակներում:
"ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վատթարացումը պայմանավորված է ոչ միայն Սիրիայի հյուսիսում թուրքական ագրեսիայով, այլ, ավելի շատ, այն հանգամանքով, որ Վաշինգտոնը լուրջ մտահոգություն է դրսևորում այն կապակցությամբ, որ Թուրքիան սկսել է Ռուսաստանից սպառազինության այսքան լայնածավալ գնումներ, մասնավորապես՝ ռուսական կործանիչների եւ ՀՕՊ համալիրների մատակարարումներով: Արդյունքում՝ Վաշինգտոնի իշխանությունները դժգոհ են Թուրքիայի վարքագծից, և այդ բանաձևը մեծապես արտացոլում է այն մթնոլորտը, որը ստեղծվել է ԱՄՆ-ում Թուրքիայի նկատմամբ։ Ըստ էության, դա Թուրքիային պատժելու միջոց է", - կարծում է Սաֆրաստյանը, ուշագրավ համարելով նաև այն փաստը, որ նույն օրը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց Թուրքիայի և նրա ֆինանսական հատվածի նկատմամբ պատժամիջոցների փաթեթին՝ կապված Սիրիայի հյուսիսում Անկարայի կողմից ռազմական գործողության անցկացման և ռուսական Ս-400-ների գնման հետ։
Փորձագետը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Թուրքիայի վերնախավը, Էրդողանի իշխանության գալուց հետո և որդեգրելով այն գաղափարախոսությամբ, որը ստեղծել է, հիմնականում, Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, մասնավորապես, նեոօսմանիզմի հայեցակարգը, փորձում է վերանայել իր դերը Մերձավոր Արևելքում:
Սաֆրաստյանը նաև հիշեցրել է, որ ցեղասպանությունը մարդկության դեմ ամենածանր հանցագործությունն է, և եթե 21-րդ դարում այդ հանցագործությունը մինչ օրս չի ճանաչվել և դատապարտվել, նշանակում է, որ նման հանցագործությունները կարող են կրկնվել ապագայում:
Նշելով, որ մարդկության դեմ նման հանցագործություններն ապագայում չկրկնվելու համար պայքարը պետք է դիտարկել նույն հարթության վրա, ինչ ցեղասպանության ճանաչման, դատապարտման և կատարված հանցագործության համար փոխհատուցում ստանալու գործընթացը։
Սաֆրաստյանը կարծում է, որ վերջին իրադարձությունների լույսի ներքո՝ ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալու հարց օրակարգում չկա, և Թուրքիան չի պատրաստվում փոխել այն ռազմավարությունը, որն ընտրել է սառը պատերազմի սկզբում, սակայն այն ակտիվությունը, որն այսօր ցուցաբերում է Թուրքիան, ակնհայտորեն, ԱՄՆ-ի սրտով չէ։