Արմինֆո. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ստախոս է։ Այս մասին "Ազատություն" ռադիոկայանին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով Սարգսյանի երեկվա այն հայտարարությունը, թե՝ ինքը չի վախենում ձերբակալությունից, թե՝ ինքը "որոշում փոխող չի և երբեք չի փոխել իր որոշումը"։
"Տպավորություն է ստեղծվում, որ մարդը, ով մի գիշերվա ընթացքում փոխում է իր կողմնորոշումը և որոշում է միանալ Եվրասիական միությանը, մի մարդ, ով խոստանում է, որ սահմանադրական փոփոխություններից հետո չի ընտրվի վարչապետ, իսկ հետո փորձում է ընտրվել, մի մարդ, ով ինքն իրեն առանձնատուն է նվիրում, իսկ հետո փոխում է իր որոշումը և վերադարձնում այն, ասում է, որ ինքը չի փոխում իր որոշումները և շուտով անկեղծ զրույց է ունենալու քաղաքացիների հետ", - հայտարարել է Սիմոնյանը:
"Սերժ Սարգսյանը է։ Տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ նա սուտ է խոսել։ Թող նա ավելի հաճախ խոսի, թող հիշեցնի բոլոր մարդկանց, թե ով է եղել և ինչպիսին է եղել իշխանությունը, որը նա ներկայացրել է, և որի բեկորներն այսօր փորձում են քննադատել մեզ", - ընդգծել է փոխխոսնակը։
"Նա պետք է վախենար, երբ թալանվում էր բանակը, երբ իր գործընկերները թալանեցին բանակը, եւ ես շատ կասկածում եմ, որ նա չգիտեր այդ մասին: Նա պետք է վախենար այն ժամանակ, երբ մարդկանց բանտ էր նետում, երբ նրա հարազատները միջամտում էին Հայաստանի Հանրապետության տարբեր մրցույթներին ։ Սերժ Սարգսյանը պետք է ամեն օր վախենա", - ամփոփել է Սիմոնյանը։
Հիշեցնենք. Սերժ Սարգսյանը երեկ հայտարարել էր. ՙԵթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, եթե ինձ ձերբակալելով մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը կհամարվեն ամբողջովին բացահայտված, եթե ինձ ձերբակալելով մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, եթե ինձ ձերբակալելով Լեռնային Ղարաբաղի բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, ապա թող ձերբակալեն: Գիտեք, ինչպես ասացի, միայն կատարյալ հիմարը չի վախենում ոչ մի բանից: Իմ կարծիքով՝ վախկոտ են համարվում այն մարդիկ, ովքեր ինչ-որ ազդեցությունների հետևանքով հաճախ փոխում են իրենց որոշումները: Ես որոշում փոխող չեմ, երբեք չեմ փոխել իմ որոշումը:
Եթե իմ բացակայությունը հասարակությունից կնպաստի, որ տնտեսական հեղափոխությունը շատ մեծ թափ ստանա և հայրենադարձների հոսքն այնքան մեծանա Հայաստան, որ մենք դրանով ուղղակի հպարտանանք, թող ձերբակալեն: Ավելին չեմ ուզում ասել, որովհետև, ինչպես հայտնի է, ես խոստացել եմ պարզ ու անկեղծ զրույց ունենալ մեր քաղաքացիների հետ, և դրա ժամկետը մոտենում է», - ասել էր Սերժ Սարգսյանը: