Արմինֆո.Ցանկացած պահի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է ինձ կանչել իր մոտ, հայտարարել, որ մենք այլևս չենք կարող միասին աշխատել, և ես նույն պահին կհեռանամ պաշտոնից ։ Այս մասին հոկտեմբերի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ։
Նա նաև նշել է, որ ինքը կարող է վարչապետի հետ հանդիպում նախաձեռնել, որպեսզի քննարկումների միջոցով հասկանա հետագա համագործակցության նպատակահարմարությունը ։ Ընդ որում, նրա խոսքով, այս հարցում առանձնակի դեր չի խաղում այն փաստը, որ իր լիազորությունների ժամկետը լրանում է հաջորդ տարվա ապրիլին:
Անդրադառնալով իշխանությունների հասցեին հնչող սուր քննադատություններին ՝ Մանուկյանը նկատել է, որ ինքը ոչ միայն քննադատում է, այլև իշխանություններին խորհուրդներ է տալիս։ <Իմ բոլոր քննադատական հայտարարություններում կա նաև խորհրդատվական տարր>, - ասել է նա: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հանդես էր եկել Վազգեն Մանուկյանին պաշտոնից ազատելու պահանջով ՝ համապատասխան նամակ ուղարկելով վարչապետին: Իր նախաձեռնությունը նա բացատրել է այն բանով, որ 1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության համար ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի հետ զրույցի ընթացքում Վազգեն Մանուկյանի անվան մի քանի հիշատակում է եղել ։