
Արմինֆո. Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունում: Այս մասին ասված է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
"Մենք մերժում ենք "Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ ռեկորդի հաստատում" ("Affirming the United States Record on the Armenian Genocide") վերնագրով թիվ 296 բանաձեւը, որն այսօր ընդունվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից: Բանաձեւը, որը, ըստ երեւույթին, կազմվել եւ հրատարակվել է ներքին սպառման համար, չունի որեւէ պատմական կամ իրավական հիմք: Բուն որոշումը իրավական ուժ չունի և գնահատվում է որպես անիմաստ քաղաքական քայլ, որի միակ հասցեատերերը հայկական լոբբին և հակաթուրքական խմբավորումներն են", - ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Պաշտոնական Անկարան նաեւ հավաստիացրել է, որ նրանք, ովքեր հույս ունեին այս բանաձեւի ընդունմամբ "վրեժխնդիր լինել "խաղաղության ակունք" գործողության համար, մեծապես սխալվել են, քանի որ թուրքական կառավարության եւ ժողովրդի աչքերում այդ բանաձեւը բացարձակ անվավեր է: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում նաեւ մեծ մոլորություն են որակել "քաղաքական կոնյունկտուրայից ելնելով պատմությունը վերաշարադրելու փորձը"։ "Այս բանաձևը հակասում է ինչպես ԱՄՆ, այնպես էլ միջազգային իրավունքին, քանի որ մեղադրանք է այն սկզբունքների դեմ, որոնք սահմանված են 1948 թվականի Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայում։ Այնտեղ իրավազոր դատարանի ոչ մի վճիռ չկա 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, որը սահմանի ցեղասպանության հանցագործությունը։ Ընդհակառակը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կարևոր որոշում է կայացրել, ըստ որի՝ 1915 թվականի իրադարձությունները քննարկման օրինական առարկա են։ Հետեւաբար, 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննարկումները վերաբերում են պատմության ոլորտին, այլ ոչ թե քաղաքականությանը", - նշել են Թուրքիայի ԱԳՆ-ում, հավելելով, թե, իբր, համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու մասին 2005 թվականին Թուրքիայի ներկայացրած առաջարկը մերժվել է հենց հայկական կողմից։
Ընդ որում, Անկարան ամերիկացի պաշտոնյաներին եւ ժողովրդին խորհուրդ է տվել քննարկել այն վնասի հարցը, որը այդ բանաձեւը կարող է հասցնել թուրք-ամերիկյան հարաբերություններին եւ ԱՄՆ-ի շահերին՝ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից այս չափազանց փխրուն ժամանակաշրջանում: Թուրքիայի ԱԳՆ-ն նաեւ նշում է, որ չնայած Ներկայացուցիչների պալատի կողմից բանաձեւի ընդունմանը, փաստի առնչությամբ ԱՄՆ վարչակազմի վերաբերմունքն այդ հարցի նկատմամբ մնում է նախկինը:
"Անկասկած, այս բանաձեւը բացասաբար կանդրադառնա ԱՄՆ-ի իմիջի վրա Թուրքիայի հասարակական կարծիքում, քանի որ այն վարկաբեկում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արժանապատվությունը։ Մենք հավատում ենք, որ Թուրքիայի ամերիկյան բարեկամները, որոնք աջակցում են դաշինքի եւ բարեկամական հարաբերությունների շարունակումը, մատնացույց կանեն այդ լուրջ սխալը, իսկ մեղավորները կդատապարտվեն ամերիկյան ժողովրդի խղճով", - ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Այս հարցի վերաբերյալ արտահայտվել է նաեւ անձամբ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, որը դատապարտել է Օսմանյան պետությունում 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բանաձեւը: "Պատմական իրադարձությունները քաղաքական նպատակներով օգտագործելու փորձերն անթույլատրելի և ամոթալի են։ Նման որոշումները ոչ մի նշանակություն չունեն Թուրքիայի իշխանությունների և ժողովրդի համար։ "Խաղաղության ակունք" գործողությունը քանդեց մեծ խաղը։ Ձախողված նախագծի հեղինակները փորձել են, ի պատասխան, Անկարայի դեմ օգտագործել հին բանաձեւերը։ Նրանք, ովքեր կարծում են, որ նման ճանապարհով կարող են վրեժխնդիր լինել Թուրքիայից, խորապես սխալվում են", - գրել է նախարարը Twitter - ում։
Ինչպես արդեն հաղորդվել է, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, որի օգտին արտահայտվել է 405 կոնգրեսական, դեմ՝ 11-ը։