Արմինֆո. ՙ405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ քվեարկությամբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Սա կարեւոր քայլ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման գործում: Ոգեկոչենք Մեծ եղեռնի մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը՚, - ՙՖեյսբուքի՚ իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հավելենք, որ, ինչպես խոստովանում են կոնգրեսականները, բանաձևի արագացված քննարկումը պայմանավորված է Անկարայի հետ հարաբերությունների առկա ճգնաժամով՝ Սիրիայի հյուսիսում թուրքական գործողության պատճառով։ Ըստ BBC-ի, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ամերիկացի կոնգրեսականների որոշումը որակել է "պատմությունը քաղաքական նպատակներին հասնելու համար օգտագործելու փորձ": Ակնկալվում է, որ պաշտոնական Անկարան ցեղասպանության ճանաչմանը կպատասխանի Վաշինգտոնից իր դեսպանի հետ կանչով, որն ավելի վաղ փաստաթղթի տեքստն անվանել էր ՙանհիմն մեղադրանքներով լի՚:
Օսմանյան կայսրության տարածքում հայերի զանգվածային տեղահանություններն ու սպանությունները ցեղասպանություն են ճանաչվել Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Կանադայում եւ աշխարհի մի շարք այլ երկրներում: Սակայն Թուրքիան մշտապես բողոքում է նման մեկնաբանության դեմ, եւ դրանից հետո ԱՄՆ կառավարությունը նախկինում խուսափում էր այդ իրադարձությունները ցեղասպանություն որակել։
Նմանատիպ բանաձևերը երկար ժամանակ քննարկվել են Կոնգրեսում, բայց երբեք չեն դրվել Ներկայացուցիչների պալատի քվեարկության ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես եւ իր նախորդը՝ Բարաք Օբաման, պաշտոնական ելույթներում խուսափում է 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ "ցեղասպանություն" բառի կիրառումից ։