Արմինֆո.Բաքվում հոկտեմբերի 30-ին տեղի կունենա ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը:
Ինչպես արդեն պաշտոնապես հայտարարել են Հայաստանի պաշտպանական գերատեսչությունում, Հայաստանը չի մասնակցի խորհրդի աշխատանքին։ "Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի մասնակցի Բաքվում կայանալիք ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին", - հաղորդել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել են ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունում, միջոցառմանը կմասնակցեն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիրը
Հասանովը, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Բելառուսի պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովը, Ղազախստանի պաշտպանության նախարար Նուրլան Երմեկբաևը, Ուզբեկստանի պաշտպանության նախարար Բահոդիր Կուրբանովը, Տաջիկստանի պաշտպանության նախարար Միրզո Շերալին և Ղրղզստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Ռայիմբերդի Դույշենբիևը:
ԱՊՀ գործադիր կոմիտեն, իր հերթին, հաղորդել է, որ խորհրդի նիստում նախատեսվում է քննարկել ռազմական ոլորտում ԱՊՀ պետությունների փոխգործակցության հարցերի համալիր: Հաղորդագրության համաձայն, նիստում առանցքային ուշադրություն կդարձվի մինչեւ 2025 թվականը ԱՊՀ մասնակից պետությունների ռազմական համագործակցության հայեցակարգին, որի նախագիծն ուղղված է ռազմական ոլորտում համագործակցության նոր մակարդակի հասնելուն, արտացոլում է անվտանգության ապահովման եւ ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու ոլորտում ԱՊՀ պետությունների ազգային շահերն ու համատեղ գերակայությունները:
Բացի այդ, կքննարկվեն ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի համար սպայական կադրերի պատրաստման, 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված համատեղ միջոցառումների եւ ռազմական համագործակցության ոլորտում այլ կարեւոր ուղղություններ: Համատեղ աշխատանքի ընթացքում պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կվերլուծեն ռազմական համագործակցության զարգացման վիճակը, կնախանշեն հաջորդ տարվա եւ մոտակա հեռանկարի համատեղ միջոցառումները, կքննարկեն ԱՊՀ տարածքում պաշտպանության եւ անվտանգության ոլորտում գործընկերային փոխգործակցության այլ հարցեր: Նիստին կմասնակցի նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը: