Արմինֆո. Հայաստանն այնպես չի ընկալում իրավիճակը, որ մենք պետք է ընտրություն կատարենք Եվրոպայի և Ռուսաստանի միջև: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթում հրապարակված հարցազրույցում:
Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 25-ին պայմանագիր ստորագրվեց Սերբիայի և ԵԱՏՄ միջև ազատ առևտրի վերաբերյալ: ՙՇատ մեծ հավանականություն կա, որ Սերբիան կդառնա ԵՄ անդամ: Եվ հետո ի՞նչ կլինի: Սա շատ լավ է, քանի որ մեզ համար համագործակցությունն այն մոտեցումն է, որը մենք բոլորս պետք է ցուցաբերենք: Հայաստանն այնպես չի ընկալում իրավիճակը, որ մենք պետք է ընտրություն կատարենք Եվրոպայի և Ռուսաստանի միջև: XVIII դարում հայկական էլիտայի ներկայացուցիչները փորձում էին այնպես անել, որպեսզի Ռուսաստանը գա մեր տարածաշրջան: Ինչո՞ւ էր դա տեղի ունենում: Քանի որ այն ժամանակ հայկական վերնախավի ներկայացուցիչներն ընկալում էին իրավիճակն այնպես, որ Ռուսաստանը կգա մեր տարածաշրջան և իր հետ կբերի եվրոպական արժեքներ: Մեզ համար Ռուսաստանը եվրոպական երկիր է: Հայաստանը նույնպես եվրոպական երկիր է, Բելառուսը նույնպես եվրոպական երկիր է:
Մեզ համար Ռուսաստանը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է: Սա ոչ միայն մեր ժամանակակից ընկալումն է, այլև մեր պատմական ընկալումը: Իսրայել Օրին, որը հայտնի է որպես Հարավային Կովկաս Ռուսաստանի մուտքի նախաձեռնող, իր առաքելությունն սկսեց Եվրոպայից: Փորձեց եվրոպական զորքեր բերել Հայաստան, որպեսզի նրանք ազատագրեն մեր շրջանը թուրքերից և պարսիկներից: Նա նախ գնաց Գերմանիա (Պֆալց), ապա Ավստրո-Հունգարիա:
Ու Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Լեոպոլդ Առաջինը (ում գահը Վիեննայում էր, քանզի այն ժամանակ կայսրության կազմում էին և Ավստրիան, և Հունգարիան) խորհուրդ տվեց նրան դիմել ռուսական ցար Պետրոս Առաջինին։ Եվրոպական միապետները հայերին խորհուրդ տվեցին կապ հաստատել Եվրոպայի հետ Ռուսաստանի միջոցով: Այսինքն, Ռուսաստանը եկավ մեր տարածաշրջան որպես եվրոպական ուժ: Ռուսական մշակույթն ու քաղաքակրթությունը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն են: Ճիշտ է, Ռուսաստանը նաև եվրասիական քաղաքակրթության մաս է: Ռուսաստանն ինքնին օրինակ է, թե ինչպես Արևելքն ու Արևմուտքը կարող են ներդաշնակորեն գոյակցել՚, - ընդգծել է Հայաստանի վարչապետը, հավելելով, որ եվրոպական շատ առաջնորդներ ասում են, որ Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների հաստատումը նրանց համար առաջնային է:
ՙՆրանք դա ասում են ինձ պաշտոնական զրույցների ընթացքում: Բայց մեզ համար չկա ընտրություն՝ Արևելք կամ Արևմուտք: Մենք ԵԱՏՄ անդամ ենք և ունենք համաձայնագիր ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության վերաբերյալ: Ռուսաստանը դեմ չէ ԵՄ-ի հետ մեր համագործակցությանը, և ԵՄ-ն դեմ չէ ԵԱՏՄ-ին մեր անդամակցությանը՚, - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Միևնույն ժամանակ, Հայաստանի վարչապետը չի ցանկացել մեկնաբանել Վրաստանում և Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև մրցակցության համատեքստում: ՙԵս ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել և շատ կցանկանայի, որ մեր թանկագին բոլոր ռուսաստանցիներն արձանագրեն այս փաստը. 2018 թ-ին Հայաստանում տեղի ունեցան փոփոխություններ: Տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն: Ինչո՞ւ այն ոչ բռնի եղավ: Կա հիմնական պատճառ: Որովհետև չկար որևէ օտար ուժ, որը ներգրավված լիներ այս գործընթացում: Չկար ոչ մի աշխարհաքաղաքական ենթատեքստ: Անձամբ ես և իմ թիմը թույլ չենք տվել, որպեսզի որևէ արտաքին գործոն խառնվի մեր ներքին գործընթացին: Այդ իսկ պատճառով մենք հաջողության ենք հասել: Եվ մենք ասացինք, որ արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու: Դրանք մեզ մոտ չկան և չեն լինի: Ես ասել եմ, որ մեր հեղափոխության մեջ չկա աշխարհաքաղաքական ենթատեքստ: Սա հարյուր տոկոսանոց ճշմարտություն է և ոչ ոք չի կարող հակառակն ապացուցել, որովհետև հակառակը պարզապես գոյություն չունի՚, - հայտարարել է վարչապետը, հավելելով, որ Երեւանում ինքն ու ՌԴ նախագահը փոխանակել եվ հրավերներ: ՙՄենք պայմանավորվեցինք, որ նախ ես պաշտոնական այցով կգամ, հետո նա կգա: Միգուցե տարվա առաջին կեսին ես գամ, երկրորդ կեսին` Վլադիմիր Վլադիմիրին՚, - եզրափակել է Հայաստանի վարչապետը: