Արմինֆո.Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ռուսաստանը Հայաստանի համար թիվ մեկ գործընկերն է: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթում հրապարակված հարցազրույցում:
Անդրադառնալով ռուսաստանյան ORSIS ընկերության հայտը մերժելու պատմությանը, որը ցանկանում էր մասնակցել Հայաստանում զենքի գնման մրցույթին, Նիկոլ Փաշինյանն ասել է. ՙՍա աննախադեպ բան չէ: Սա մրցույթ է, սա առաջարկի և պահանջարկի խնդիր է: Մեկնաբանելու ոչինչ չկա: Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ռուսաստանը Հայաստանի համար թիվ մեկ գործընկերն է: Այդպես է և այդպես էլ կլինի: Այս ծավալներում մեկ ընկերության և մեկ գործարքի հետ կապված իրավիճակը, չեմ կարծում, որ այնքան շոշափելի է, որ հիմա պետք է քննարկենք այն՚:
Միևնույն ժամանակ, Հայաստանի և Ռուսաստանի մամուլում այդ թեմայի շահարկումների առնչությամբ վարչապետը նշել է. ՙԵկեք նայենք, թե ինչ է տեղի ունեցել տեղեկատվական տարածքում անցած մեկուկես տարվա ընթացքում՝ կապված մեր երկրների հարաբերությունների հետ: Բոլորն աշխարհի վերջն էին կանխատեսոում: Բայց հարաբերությունները շատ լավ են զարգանում, և շատ լավ են զարգանում իմ անձնական հարաբերությունները Ռուսաստանի նախագահի հետ, Ռուսաստանի վարչապետի հետ: Հայաստանի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները շատ լավ հարաբերություններ ունեն իրենց ռուս գործընկերների հետ՚: