Արմինֆո.Ազգային ժողովի նախկին նախագահ, իշխանության յուրացման գործով կասկածյալ Արա Բաբլոյանն «Ազատության» հետ զրույցում պնդում է, որ կեղծիք թույլ չի տվել, որ 2018-ին Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը ստացել է հենց մարտի 2-ին:
«Ամսի 1-ին Գագիկ Հարությունյանը ստորագրել է իր հրաժարականը, և ամսի 2-ին այդ փաստաթուղթը եղել է իմ սեղանին: Հիմա արդեն, երբ որ ծանոթանում ենք փաստաթղթի հետ, մենք տեսնում ենք, որ փաստաթուղթը ոչ միայն ամսի 1-ով ստորագրված, ամսի 1-ով և՛ կնիք կա Սահմանադրական դատարանի կանցելյարիայի, և՛ կնիք կա ամսի 2-ով Ազգային ժողովի: Բայց ամենակարևորը, որ թե՛ աշխատակիցները, որոնք որ պատրաստել են բոլոր այն փաստաթղթերը, որոնք որ այդ դիմումի հիման վրա ես ստորագրել եմ, նրանք ասում եմ, որ մենք դա իրականացրել ենք ամսի 2-ին: Եվ այդ, ինչ որ ես հայտարարությամբ հանդես եմ եկել, այդ ամենը տեղադրված է Ազգային ժողովի կայքում հենց ամսի 2-ով», - մանրամասնել է Բաբլոյանը:
Անցած շաբաթ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա՝ իշխանությունը յուրացնելու հոդվածով։ ԱԺ նախկին նախագահ Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ իշխանությունը յուրացնելու հոդվածով, իսկ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու և իշխանությունը յուրացնելուն օժանդակելու մեջ։ Բաբայանը մեղադրանքը չի ընդունում: Նա անցած շաբաթվանից կալանքի տակ է։